Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները "պաշարված" դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ. «Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին», - ասվում է ՊԲ ֆեյսբուքի էջում։ Ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը գրել էր, թե ադրբեջանցիները պաշարել են ՊԲ ՊՇ 4-րդ վաշտի հրամանատարական դիտակետը և սպառնում են այդ բնագծում տեղակայված 114-127 մարտական հենակետերին։