Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի արևելյան սահմաններին, ինչպես նաև նախիջևանյան հատվածում ստեղծված իրավիճակը, որի մասին գնահատականները արդեն հնչեցվել էին երկու ընդդիմադիր դաշինքների համատեղ հայտարարության մեջ։ Հանձնարարվել է պատշաճ կերպով իրազեկել կուսակցության միջազգային գործընկերներին տարածաշրջանային լարվածության կտրուկ աճի և ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ։ Անթույլատրելի է համարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը։ Զեկուցվել են ԱԺ առաջին նստաշրջանին կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների առաջիկա գործունեության հետ կապված հարցերը։ Կարևորվել է Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման և լիարժեք աշխատանքի հարցը»-ասված է ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարությունում: