Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը։ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինն այս մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում: Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով: Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը: Առաջադրումներից եւ գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»։