24.11.2024
Փոխադարձ ներդրումները երկու երկրներում գնալով ավելանում են. Քերոբյանը Հնդկաստանում է
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է հանել հարկային արտոնությունը. դրանից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն

ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաեւ այդ արտոնության շրջանակում կիրառվող` հիմնական միջոցների ամորտիզացման արտոնյալ կարգավորումը:


Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` վերոնշյալ արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարող սուբյեկտների շրջանում. նշված ժամանակահատվածում արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն:


Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դրական է գնահատել գործադիր մարմնի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը` հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան եւ տնտեսվարողների համար համակարգի անհետաքրքիր լինելը: «Հաշվի առնելով, որ բիզնեսի կողմից որեւէ առաջարկ չենք ստացել` կոչ եմ անում դրական եզրակացություն տալ նախագծին»,- ասել է Բաբկեն Թունյանը:


Հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին:


ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ին գումարված հերթական նիստում: