10.03.2025
Երևանը չի հստակեցնում՝ կա արդյոք Ղարաբաղի վերաբերյալ դրույթ խաղաղության պայմանագրում
13.12.2023
Երևանը չի հստակեցնում՝ կա արդյոք Ղարաբաղի վերաբերյալ դրույթ խաղաղության պայմանագրում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ: Այն պաշտոնական Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին: Ադրբեջանի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի վրա ադրբեջանական հարձակումը: «Ազատության» գրավոր հարցին՝ կա՞ արդյոք վերջին խմբագրության մեջ արցախահայերի իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են. «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»: Արցախի հայաթափումից ընդամենը երկու ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Ադրբեջանի հետ բանակցություններում Երևանի կարմիր գծերից է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրը: Այժմ ո՞րն է հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Արտաքին գործերի նախարարությունից հղում են անում Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնյաների հրապարակային ելույթներին: Այդ ելույթներում Փաշինյանն ու թիմակիցները Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանն առնչվող որևէ դիրքորոշում չեն հայտնում: Նախորդ շաբաթ արձագանքելով Արցախի ապագայի վերաբերյալ ընդդիմության հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իր խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է: