Կառավարական թաղամասը կկառուցվի Երևանի ծայրամասերում։ Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Tert.am-ը: Նա հիշեցրեց, որ նախկինում կար գաղափար արդարադատության նախարարությունը, դատախազությունը և արդարադատության հետ կապված մնացած կառույցները տեղափոխել Երևանի կենտրոնից։ Բայց հետո որոշվել է ավելի մեծ նախագիծ իրականացնել և կառավարական թաղամաս կառուցել։ «Այսինքն՝ պետական բոլոր գերատեսչությունները դուրս կգան կենտրոնից և կտեղակայվեն քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում, և կենտրոնը կբեռնաթափվի, և այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք և շահույթ կգեներացվի»,- ասաց Մինասյանը։ Նրա խոսքով` նմանատիպ միջազգային փորձ կա։ Սպասվում է, որ այս տարի կառավարական թաղամասի մոդելը պատրաստ կլինի։ Նախագիծը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։