Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: «Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների և տուժածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու կորով: Աղոթում ենք վիրավորների առողջության համար և ցանկանում նրանց շուտափույթ ապաքինում: Վստահ եմ, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները: Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: Հիշեցնենք, այսօր գիշերը Իտալիայի կենտրոնական հատվածում հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը անցել է երկու տասնյակը: