ՀՀ կառավարությունը կհոգա Տուլայում տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի հուղարկավորության և տուժածների բուժման ծախսերը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստին: Աբրահամյանը նշել է, որ նման որոշում կայցավել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկումից հետո: Տուլայի մարզում ՃՏՊ-ը տեղի է ունեցել նոյեմբերի երեքին: Մոսկվա-Երևան ուղղությամբ շարժվող ավտոբուսում գտնվում էր ավելի քան 60 ուղևոր՝ բոլորը ՀՀ քաղաքացիներ: ՃՏՊ-ի արդյունքում ութ մարդ զոհվել է, 46 վիրավորվել, որոնցից 11-ը գտնվում է վերակենդանացման բաժնում: Զոհվածների դիերը ՀՀ են տեղափոխվելու Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթով: Կառավարության ղեկավարն այսօր հայտարարել է, որ այս պահին ՃՏՊ-ի վայրում է գտնվում ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ովքեր տեղում վերահսկում են իրավիճակը և օգնություն են ցուցաբերում տուժածներին: Աբրահամյանը ռուսաստանցի գործընկերներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: