6.05.2026
Պարտադիր վճարը կպահպանվի՝ աշխատող ՀՀ քաղաքացիներից ամսական կգանձվի 1000 դրամ
12.12.2016
Պարտադիր վճարը կպահպանվի՝ աշխատող ՀՀ քաղաքացիներից ամսական կգանձվի 1000 դրամ

ՀՀ աշխատող քաղաքացիները ամսական կվճարեն 1000 դրամ իրենց աշխատավարձից հօգուտ զինծառայողների հիմնադրամի: Այսպիսով խոսակցությունները, թե պայմանական անուն կրող «1000 դրամի նախագծում» վճարի պարտադիր սկզբունքը կվերացվի և օրենքը նոր Ազգային Ժողովում կդրվի երկրորդ ընթերցման իրականությանը չեն համապատասխանում: ԱԺ պաշտպանության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր վճարը կպահպանվի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծում: Ըստ Սարգսյանի՝ նախագծում տեղ չի գտել պատգամավորներից մեկի առաջարկը, որ վճարը գանձվի ըստ աշխատավարձի չափի՝ բոլորից գանձվելու է հավասարապես 1000 դրամը, թեև օրենքն ամրագրում է նաև կամավորության սկզբունքով վճարումներ կատարելը. «Հաշվի առնելով այս օրերին հնչած առաջարկները, մենք լուրջ աշխատանք ենք կատարել կամավոր վճարումների համակարգը խթանելու համար: Մեկը մյուսին չի բացառում, այլ գալիս է լրացնելու: Մեր ակնկալիքն է, որ հիմնադրամն իր աշխատանքի միջոցով կարողանալու է ապահովագրել ավելի մեծ գումարների ստացում, որը հնարավորություն կտա հետադարձ ուժով նախկինում տեղի ունեցած դեպքերին անհատական վերաբերմունք ցույց տալ»,- ասաց նախարարը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պնդեց՝ շարունակում է մնալ այն կարծիքին, որ օրենքում պետք է գործի կամավորական սկզբունքը և նվազագույն աշխատավարձ ստացողները, ինչպես նաև 200 հազար դրամից ավելի ցածր ստացողներից այդ 1000 դրամը չպետք է գանձվի: Վիգեն Սարգսյանը կրկնեց՝ պարտադիր բաղադրիչը կպահպանվի, իսկ կամավորության սկզբունքը ավելի շատ բարոյական դաշտին է վերաբերում. «Հաշվի առնելով մեր առջև դրված խնդիրը՝ զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, մենք նպատակահարմար ենք գտնում պահպանել այն մոտեցումները, որ կան օրենքի նախագծում և պահպանել պարտադիրի սզբունքը»,- ընդգծեց նա: Նախարարը նաև նշեց, որ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը հիմնադրամը կատարված դեպքերի համար կփոխհատուցի առկա ֆինանսական հնարավորություններից ելնելով: Նշենք, որ հիմնադրամը տարեկան ակնկալում է հավաքագրել 4,5 մլրդ դրամ գումար: Հիշեցնենք, նոյեմբերին Ազգային Ժողովը մի քանի օր բուռն քննարկումներից հետո կողմ քվեարկեց օրենսդրական փաթեթին, որը նախատեսում է աշխատող ՀՀ քաղաքացիներից ամսական 1000-ական դրամ հավաքագրել զոհված զինծառայողների և հաշմանդամ զինծառայողների աջակցության հիմնադրամին: