ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստում այսօր Երևանում քննարկվել են նավթամթերքների միասնական շուկայի ձևավորման, ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև պայմանագրի ու Մաքսային նոր օրենսգրքին վերաբերվող հարցեր: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ԵԱՏՄ-ի համար առանցքային հարցերից է: Նա նշել է, որ իրենք պայմանավորվել են կարևորագույն կետերի շուրջ: "Համաձայնագրի հիմնական նպատակն է՝ բարենպաստ պայմանների ստեղծումը տնտեսվարող սուբյեկտների և ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար", - ասել է Սարգսյանը: Նա նաև հավելել է, որ համապատասխան համաձայնագիրը ներկայացվելու է ԵԱՏՄ ղեկավարների Աստանայում մայիսի վերջին կայանալիք նիստին: Ըստ Սարգսյանի՝ երրորդ կետը վերաբերվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, որի հիմնական հարցերի շուրջ կոնցեպտուալ համաձայնություն է ձեռք բերվել ու այն Մինսկում կայանալիք ԵԱՏՄ կառավարության ղեկավարների հաջորդ նիստին հավանաբար կհաստատվի: Իր հերթին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ը պետությունները չպետք է առիթը բաց թողնեն ասիական պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման համար: Նա նաև կոչ է արել արագացնել բանակցությունները Չինաստանի հետ: