17.02.2026
ԵՄ տրամադրած 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է
29.02.2024
ԵՄ տրամադրած 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Փետրվարի 29-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը: Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթից 550 միլիոնն արդեն տեղաբաշխվել է: Սրան զուգահեռ շարունակվում են բյուջետային աջակցության ծրագրերով իրականացվող բարեփոխումները: Վասիլիս Մարագոսի խոսքով ԵՄ-ն փորձում է նաեւ իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանում զբաղվածության ոլորտում հնարավորությունների եւ հավելյալ արժեքի ստեղծմանը: Հայ խորհրդարանականներն արժեւորել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ընդգծել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ներկայում մշակման փուլում գտնվող ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների նոր փաթեթին: