22.07.2025

Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին

2025 թվականի հունվարից հունիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (չհաշված ոչ ֆորմալ առևտուրը) կազմել է 11.933 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.7 տոկոսով։ Այս նախնական տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:


Ըստ հրապարակման՝ արտահանման ծավալը կազմել է 3.234 միլիարդ դոլար, ինչը 13.7 տոկոսով գերազանցում է 2024 թվականի նույն ցուցանիշը, իսկ ներմուծումը կազմել է 8.699 միլիարդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 12.4 տոկոսով։ Արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական մնացորդը 2025 թվականի առաջին կիսամյակում կազմել է 5.465 միլիարդ դոլար, ինչը համարժեք է ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 45.8 տոկոսի։


Ըստ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների՝ 2025 թվականի հունվար–հունիս ամիսներին Վրաստանի արտահանման 79.8 տոկոսը բաժին է ընկել տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրներին։


Արտահանման հիմնական ուղղությունների ցանկում առաջին տեղում է գտնվում Ղրղզստանը՝ 681.3 միլիոն դոլարով։ Երկրորդը Ղազախստանն է՝ 414.0 միլիոն դոլարով, իսկ երրորդը՝ Ադրբեջանը՝ 341.8 միլիոն դոլարով։


Ինչ վերաբերում է ներմուծմանը, ըստ գերատեսչության՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին ներմուծման ծավալի 71.7 տոկոսը բաժին է ընկել տասը խոշորագույն գործընկերներին։ Առաջատար եռյակում են՝ Թուրքիան՝ 1.294 միլիարդ դոլար, ԱՄՆ-ը՝ 1.283 միլիարդ դոլար և Ռուսաստանը՝ 950.5 միլիոն դոլար։


Բացի այդ, ըստ ծառայության՝ ապրանքային խմբերի համեմատությամբ՝ 2025 թվականի հունվար–հունիս ամիսներին Վրաստանի արտահանման կառուցվածքում առաջին տեղում են գտնվում թեթև մարդատար ավտոմեքենաները՝ 1.217 միլիարդ դոլար, ինչը կազմում է արտահանման ընդհանուր ծավալի 37.6 տոկոսը։ Երկրորդ տեղում են թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը՝ 174.6 միլիոն դոլարով, իսկ երրորդ տեղում՝ ալկոհոլային խմիչքները՝ 123.2 միլիոն դոլար։


Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա նույն ժամանակահատվածում Վրաստանի ներմուծած ապրանքների շարքում ևս առաջատար են թեթև մարդատար ավտոմեքենաները՝ 1.662 միլիոն դոլարով, ինչը կազմում է ներմուծման ընդհանուր ծավալի 19.1 տոկոսը։ Երկրորդ տեղում նավթն ու նավթամթերքներն են՝ 601.9 միլիոն դոլար, իսկ երրորդ՝ ձեռքով արված նկարներն ու գծանկարները՝ 481.2 միլիոն դոլար։

Թեմայի այլ նորություններ