22.07.2025

Էրդողանը ՀՀ-ի համար անընդունելի Զանգեզուրի միջանցքի հարցում համաձայնության հույս ունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ հույս ունի՝ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան համաձայնության գալ Զանգեզուրյան միջանցքի շուրջ։ Նա ընդգծել է, որ միջանցքի իրականացումը կարող է օգուտ բերել ոչ միայն երեք երկրներին, այլ նաև ողջ տարածաշրջանին։


«Զանգեզուրյան միջանցքը կարող է դառնալ կարևոր տնտեսական ուղի։ Այն շահավետ կլինի ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար։ Մենք այն դիտարկում ենք որպես ռազմավարական նշանակություն ունեցող գիծ, որը կկապի մեր տարածաշրջանը ավելի լայն աշխարհագրական տարածքների հետ և կխթանի առևտուրը», — ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։


Նրա խոսքով՝ այս նախագիծը կարող է դառնալ ոչ թե հակասությունների աղբյուր, այլ հաշտեցման խորհրդանիշ։ «Հավատում եմ, որ մենք՝ տարածաշրջանի երկրները, այս հարցը կարող ենք լուծել փոխըմբռնման հիման վրա», — հավելել է Թուրքիայի նախագահը։


«Զանգեզուրյան միջանցք» տերմինը խիստ անընդունելի է Հայաստանի համար, քանի որ պաշտոնական Երևանի գնահատմամբ՝ այն ենթադրում է տարածքային վերահսկողություն Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավային հատվածի նկատմամբ։ Հայաստանը հստակ հայտարարել է, որ ցանկացած փոխադրական երթուղի դեպի Նախիջևան կարող է գործել միայն Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության շրջանակում։

Թեմայի այլ նորություններ