7.11.2025
Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը շահեկան է նաև Հնդկաստանի համար․ դիվանագետ
07.11.2025
Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը շահեկան է նաև Հնդկաստանի համար․ դիվանագետ

Հորդանանում, Լիբիայում և Մալթայում Հնդկաստանի նախկին դեսպան Անիլ Թրիգունայաթն ընդգծում է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը օգտակար և շահավետ կլինի նաև Հնդկաստանի համար։  Անիլ Թրիգունայաթն այդ մասին ասել է «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային երկօրյա համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հեռանկարներին և այս համատեքստում Հայաստանի տարածքում ստեղծվելիք TRIPP երթուղուն ու ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։  «Անխափան հաղորդակցության երթուղիները և կապի միջանցքները չափազանց կարևոր նշանակություն ունեն։ Հարավկովկասյան տարածաշրջանում կապուղիների բացումը օգտակար և շահավետ կլինի նաև Հնդկաստանի համար։ Ինձ շատ է դուր գալիս Հայաստանի վարչապետի գաղափարը՝ այդ ուղիներն անվանել «Խաղաղության խաչմերուկ»։ Դա շատ կարևոր բան է։ Հարավային Կովկասի մեկ այլ կարևոր նախագիծ է նաև Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որի հիմնադիր անդամ է նաև Հնդկաստանը։ Ես անձամբ ներգրավված էի սկզբում, երբ դա ստորագրվեց։ Առևտրային և տրանսպորտային միջանցքները նոր բաներ չեն։ Դրանք դարեր ի վեր գոյություն են ունեցել։ Մեզ համար դա չափազանց կարևոր է։ Եվ եթե խաղաղ կապուղիներ կարող են ստեղծվել բոլոր այն երկրների ներդրումներով, որոնց միջով դրանք անցնում են, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ է։ Մարդիկ պայքարում են խաղաղություն ձեռք բերելու համար։ Մենք պետք է աշխատենք խաղաղություն ձեռք բերելու համար»,- նշել է նա։  Խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դեսպան Անիլ Թրիգունայաթն ասել է, որ դրանց իրականացումն արագ գործընթաց չի լինելու, քանի որ երկու երկրների ժամանակ է պետք միմյանց նկատմամբ կասկածները վերացնելու համար։  «Վաշինգտոնի համաձայնությունների իրականացումը կախված կլինի երկու կողմերի անկեղծությունից։ Դա արագ գործընթաց չի լինելու, կլինի դանդաղ գործընթաց, որովհետև միմյանց նկատմամբ կասկածները վերացնելու համար ժամանակ է պետք։ Այս հարցում նաև լրատվամիջոցների դերն է կարևոր: Կառավարությունները ևս պետք է ամեն հնարավոր ջանք գործադրեն ապատեղեկատվական արշավի դեմ պայքարելու համար։ Այսպիսով, հաղորդակցությունը, կապը, վստահության ամրապնդման միջոցառումները չափազանց կարևոր են երկու կողմերի համար»,-ասել է Անիլ Թրիգունայաթը:  Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են համատեղ հռչակագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Հռչակագրի տակ որպես վկա ստորագրել էր նաև ԱՄՆ նախագահը։ Նույն օրը Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։