28.04.2025

Իրանում պատրաստվում են Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործով դատավճռի կատարմանը

Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Ասգար Ջահանգիրը հայտարարել է, որ ավարտվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործով մեղադրյալի մահապատժի դատավճիռը կատարելու համար։ Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, դատավճիռը վերջնականապես հաստատվել է երկրի Բարձրագույն դատարանի կողմից։


Կիրակի օրը, դատական բարեփոխումների շտաբի նիստից հետո, Ջահանգիրը նշել է, որ դատավարության բոլոր փուլերը, այդ թվում՝ նախնական վճիռը և դրա վերջնական հաստատումը, իրականացվել են օրենքի պահանջներին համապատասխան։ Նրա խոսքով՝ դատավճիռը կատարելու նախապատրաստական բոլոր քայլերն արդեն ավարտվել են։


Նա ընդգծել է, որ գործող օրենքի համաձայն՝ մահապատժի կատարման համար անհրաժեշտ է, որ զոհի հարազատները կամ նրանց ներկայացուցիչները պաշտոնապես դիմեն դատարանին։ Սակայն առայժմ նման դիմում չի ներկայացվել, ինչի հետևանքով դատավճիռը դեռ չի կատարվել։ «Երբ որ պահանջը ներկայացվի կամ նրանք ներկայանան նախատեսված օրը, դատավճիռը անմիջապես կկատարվի», — հավելել է Ջահանգիրը։


Դատարանի այս որոշմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանա-իրանական հարաբերությունները լիարժեքորեն կկարգավորվեն, եթե 2023-ի հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակում գործած անձը պատժվի։


2023-ի հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը սրեց արդեն իսկ լարված երկկողմ հարաբերությունները։ Հարձակման հետևանքով զոհվել էր դեսպանատան աշխատակիցը։ Բաքուն միջադեպը անմիջապես որակեց որպես «ահաբեկչական հարձակման գործողություն»՝ պահանջելով հարձակվողին ամենախիստ պատժի ենթարկել։


Այս տարվա հունվարին Իրանի Բարձր դատարանը հաստատել էր մեղադրյալի նկատմամբ մահապատժի դատավճիռը։ Միաժամանակ դատական իշխանության ներկայացուցիչները նշել էին, որ գործը կշարունակի ընթացքը՝ կախված զոհի հարազատների պահանջից։


Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ այսօր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Սա Ադրբեջան նրա առաջին այցն է որպես երկրի նախագահ։

Թեմայի այլ նորություններ