25.11.2024
Պատրուշևը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Արժանապատիվ խաղաղության իրավունքը պետք է վերանվաճել. Ավետիք Չալաբյան

Անցած մի քանի օրերի իրադարձությունները, և մանավանդ նոյեմբերի 16-ի դաժան մարտերը Սիսիանի արևելքում, սառը ցնցուղ էին մեր հասարակության համար, որը Արցախում արյունալի պատերազմից մեկ տարի անց, հույս էր փայփայում, որ վերջապես հարաբերական խաղաղություն է հաստատվել մեր երկրի սահմաններում, և կարելի է վերադառնալ առօրյա կյանքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Կարելի է երկար վերլուծել տեղի ունեցածի խորքային պատճառները, բայց մեծ հաշվով այն հանգում է մի քանի պարզ գործոնի, որոնք անցած մեկ տարվա ընթացքում որևէ էական փոփոխություն չեն կրել՝


ա) Թուրքիան և Ադրբեջանը, անսպասելի մեծ հաջողության հասնելով Արցախյան պատերազմում, ամեն գնով փորձում են զարգացնել այն, և առավելագույնը պոկել ընկճված և թուլացած Հայաստանից,


բ) Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, միաժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերն է, և ամեն գնով խուսափել և խուսափելու է բացահայտ կողմ ստանձնել այս հակամարտության մեջ, ելնելով իր իսկ պետական և ներքին խմբային շահերից,


գ) մնացած տերությունները, թերևս բացառությամբ Իրանի, պատրաստ չեն անմիջականորեն ներգրավվել հայ-թուրքական հակամարտության մեջ, և սահմանափակվելու են «մտահոգություն հայտնելով«, իսկ հնարավոր աջակցությունն էլ լինելու է ուշացած և փաստացի անօգուտ,


դ) Հայաստանի գործող իշխանությունը, ձախողելով Արցախյան պատերազմը, շարունակում է ձախողել արդեն Սյունիքի պաշտպանությունը, իր գործողություններով և անգործությամբ այն ավելի և ավելի խոցելի դարձնելով թշնամու առաջ։


Այս ամենի արդյունքում․ վերջին մի քանի ամիսների ընթացքում, Սյունիքում անվտանգային իրավիճակը կտրուկ վատացել է, թշնամու սողացող էքսպանսիայի, և Հայաստանի գործող իշխանության շարունակական թողտվության պատճառով։ Այն պայմաններում, երբ Սոդքից մինչև Մեղրի թշնամու հետ շփման գիծը փաստացի անպաշտպան է, առաջնագծում ամրաշինության, զորամասերի ամրապնդման, բանակի բարոյական ոգին վերականգնելու փոխարեն իշխանությունը զբաղված է Երևանի կենտրոնում շների համար զբոսայգի սարքելով, մայթերի սալահատակը փոխելով, և խաղաղության մասին անվերջանալի բարոյալքող քարոզով։


Պատահական չի, որ թշնամին, որն իր տարբերություն մեզ, զբաղված է նոր պատերազմի պատրաստվելով, զորավարժություններով, ամրաշինությամբ, և նաև հայերի նկատմամբ ատելության անթաքույց քարոզով, այս ընթացքում պարբերաբար օգտվում է առիթից՝ հնարավոր բոլոր կետերում առաջ գալու, իր դիրքերը (և տարածքային և բանակցային) ամրապնդելու, և մեզ ի վերջո բացարձակ անընդունելի զիջումներ պարտադրելու համար։


Այս ամենի ֆոնին, նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունները անսպասելի անակընկալ էին բոլորի համար։ Թշնամին, որը արդեն կարծես սովոր էր նրան, որ կարելի է անարգել առաջ գալ և անարյուն վերցնել հայկական դիրքերը, բախվել է Ծիծեռնաքարի հատվածում մեր բանակի համառ դիմադրությանը, և մեծ կորուստներ կրել՝ արդյունքում մեր զինված ուժերը կարողացել են երկրորդ գծում կանգնեցնել նրա հարձակումը։ Թեև մեր կողմից կորուստները ևս զգալի են, այս արյունալի միջադեպը մի պարզ հետևության է բերում՝ թշնամու սողացող էքսպանսիան հնարավոր է կանգնեցնել միայն ուժով, նրա լկտիությանը և սանձարձակությանը հայկական միասնական բռունցք հակադրելով։


Այսօր, ավելի քան երբևէ, մենք պետք է գիտակցենք, որ գործող իշխանությունների «խաղաղության» քարոզը և կրավորական կեցվածքը թշնամու նկատմամբ բերել և բերելու է շարունակական կորուստների, մինչև մենք կորցնենք մեր ողջ երկիրը, և ստիպված լինենք հեռանալ այնտեղից՝ նորից թուրքի լծի տակ չապրելու համար։ Եթե մենք ցանկանում ենք իրական և արժանապատիվ խաղաղության հասնել, մենք պետք է վերանվաճենք դրա իրավունքը, վերանվաճենք հարգանքը մեր նկատմամբ, թշնամին նորից պետք է վախենա հայի ուժից։ Մեր բանակը նոյեմբերի 16-ին ցույց տվեց, որ դա հնարավոր է՝ մեր զինվորները զոհվել, բայց չեն նահանջել, կռվով ջարդ են տվել թշնամուն, և իրենց պաշտպանած հատվածում, վերանվաճել են մեր արժանապատիվ և խաղաղ ապրելու իրավունքը։


Իրենց սխրանքի և անմար հիշատակի առաջ, մենք պարտավոր են թոթափել այս պարտվողական թմբիրը, և ազգովի լծվել մեր երկրի պաշտպանության գործին։ Կլինի դա զինվորագրվել բանակին կամ աշխարհազորին, ամրապնդել մեր պաշտպանական բնագծերը, նոր սպառազինություն ստեղծել, հոգ տանել տուժածների մասին, թե ցանկացած այլ գործ, որը կամրապնդի մեր ռազմական կարողությունները և մարտական ոգին, այսօր դրա ժամանակն է։ Եթե մենք նորից դառնանք մեկ բռունցք, միասնական պայքարենք մեր բնական իրավունքերի համար՝ մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր ազատության, թե թշնամին, թե դաշնակիցը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, և մեր հետ այլևս չեն կարող խոսել՝ ինչպես պարտվածի և խեղճի։


Մենք Արար հիմնադրամով դա անում ենք շարունակաբար, առանց ուշադրություն դարձնելու «խաղաղասիրական» կեղծ քարոզին, և այսօրվանից ի վեր, ոգևորված մեր զինվորների մարտական սխրանքով, կանենք էլ ավելին՝ հնարավորն ու անհնարինը, վերականգնելու մեր մարտական ոգին, մեր նկատմամբ հարգանքը, և մեր արժանապատիվ կյանքի իրավունքը։ Դուք էլ յուրաքանչյուրդ ձեզ հարց տվեք՝ ինչ եք դուք անձամբ անում, որպեսզի մենք միասին ոտքի կանգնենք այս խեղճացած վիճակից, նորից արժանի դառնանք մեր հող ու ջրին, մեր սուրբ հայրենիքին՝ և մի վարանեք ձեր կատարած իրական գործով նվաճել խաղաղ ու արժանապատիվ կյանքով հարազատ երկրում ապրելու իրավունքը։ Մինչ այդ, խոնարհում եմ գլուխս մեր հերոս նահատակների առաջ՝ փառք նրանց և հավերժ հիշատակ»։