23.11.2024
Ստեղծում են դժվարություններ. Փաշինյանը՝ ԵՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելելու մասին
prev Նախորդ նորություն

Բողոքի ակցիաներ Երևանում. ոստիկանության և ցուցարարների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել

Երևանում դեկտեմբերի 11-ին շարունկվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները: Տեղի են ունենում ընդհարումներ ոստիկանության հետ, կան բերման ենթարկված անձիք: Համաձայն ոստիկանության հաղորդագրության բերման է ենթարկվել 37 քաղաքացի: Պատճառը՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելն է:


Ընդդիմությունն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «արժանապատվության երթ» է կազմակերպել։ Ցուցարարները Երևանի տարբեր շրջաններից շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Նրանք վանկարկում են «Նիկոլը դավաճան» և «Հայաստանն առանց Նիկոլի»։


Ֆրանսիայի հրապարակում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայվել։


Տարբեր հատվածներում երթերը գլխավորում են ՀՅԴ անդամներ Իշխան Սաղաթելյանը և Գեղամ Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը և ընդդիմության այլ ներկայացուցիչներ:


Այս պահին հայտնի է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել մի շարք ակտիվիստների, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանին, Իշխան Սաղաթելյանին։ Ակտիվիստներից մեկը, չպարզված հանգամանքներում, լուրջ վնասվածքներ է ստացել հենց ոստիկանական մեքենայի մոտ։ Քաղաքացուն շտապօգնության մեքենայով տարել են։


Առավոտյան փակվել է Նոր Նորքի Մոլդովական–Թոթովենց խաչմերուկը։ Տրանսպորտի երթեւեկությունը փաստացի կաթվածահար է եղել։ Քաղաքացիական անհնազանդության գործողությունների շրջանակում Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը նույնպես կաթվածահար է եղել։ Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացրել մետրոյի կայարաններում, ինչը հանգեցրել է գնացքների երթեւեկության խախտման: Ավելի ուշ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 3-ին 16 ընդդիմադիր կուսակցություններ կողմնորոշվել են անցումային շրջանի կառավարության վարչապետի միասնական թեկնածուի հարցում։ Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ համապետական հանրահավաք՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարմանը, որի ժամանակ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ ելույթով:


Ըստ ընդդիմության հայտարարությունների՝ Վազգեն Մանուկյանը կկասեցնի իր կուսակցական գործունեությունը, հենց որ դառնա վարչապետ՝ խոստանալով անձամբ չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և այդ ընտրությունների արդյունքում չհավակնել վարչապետի պաշտոնին։ Միևնույն ժամանակ, մեկ տարի անց նա պարտավորվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։


Ցուցարարները նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել են ինքնակամ հրաժարական տալ մինչեւ դեկտեմբերի 8-ի կեսօր: Հակառակ դեպքում նրանք սպառնացել են անհնազանդության ակցիաներ սկսել ամբողջ երկրում։


Վարչապետին ուղղված կոչով հանդես են եկել Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:


Սակայն Փաշինյանը չկատարեց ընդդիմության պահանջները և չլսեց կոչերը։ Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։


Դեկտեմբերի 9-ին ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց Ազգային ժողովի դիմաց, որի ժամանակ Փաշինյանին ցուցադրվեց «կարմիր քարտ», որը նշանակում է նրա հրաժարականը:


Դեկտեմբերի 10-ին ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց կառավարության շենքի դիմաց։


Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաները Երեւանում ընթանում են նոյեմբերի 10-ից ։ Երթերը սկսվել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։ Դրանց հիմնական կազմակերպիչներն են ՀՅԴ, «Հայրենիք» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։


Նիկոլ Փաշինյանն իր հերթին հասկացնել է տվել, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ հրապարակելով իշխանությունների առաջիկա կիսամյակի գործողությունների ծրագիրը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և սրված ներքաղաքական իրավիճակի պայմաններում: Այն բաղկացած է 15 կետից։