22.11.2024
Զվարթնոց և Շիրակ օդանավակայաններով ուղևորահոսքն աճել է
prev Նախորդ նորություն

Ֆիննախ. Հայաստանը շարունակելու հարկել ԵԱՏՄ երկրներից ներմուծած ավտոմեքենաները

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից Հայաստան ավտոմեքենաների ներկրման հարցում որևէ շեղում կամ բացթողում չի եղել, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ անցումային դրույթներով Երևանն ունի այդ երկրներից ավտոմեքենաներ ներկողներից ԱԱՀ գանձելու իրավունք: Այս մասին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, հայտնում է panorama.am-ը:

ԵԱՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար, ԵՏՄ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան հայտարարել էր, որ թեև ԵԱՏՄ տարածքում ոչ տարիֆային պատնեշներ դե յուրե չկան, սակայն կան երկրներ, որ դրանք կիրառում են: Նա որպես օրինակ նշել էր Հայաստանը, որտեղ ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկ է կիրառվում: «Մեզ մոտ կան պատնեշներ, որոնք հստակորեն արգելված են օրենսդրությամբ, եւ դրանք պետք է վերացվեն: Ոչ տարիֆային պատնեշի մի օրինակ բերեմ, որը հստակ կերպով արգելված է օրենսդրությամբ՝ ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը: Նման պատնեշ կար Ղազախստանում, այն վերացվեց: Սակայն այսօր նման պատնեշ է հայտնվել Հայաստանում»,- ասել էր ԵՏՀ կոլեգիայի անդամը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը պնդում է հակառակը՝ հակադարձելով վերազգային մարմնի անդամին, որ հայկական կողմը նման իրավունք ունի: «Պաշտոնապես հայտարարում եմ` այստեղ որևէ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան»,- ասել է Ալավերդյանը:

«Մենք ինչ ենք արել. երրորդ երկրներից ավտոմեքենաները ներմուծվում էին, նախորդ տարի 44-45 միլիարդի փոխարեն ներմուծվել է 22 միլիարդի, արդյունքում շուրջ 20 միլիարդից ավելի գումար կորցրեցինք, պատճառներից մեկն էլ այն էր, որ ավտոմեքենաների մի մասը երրորդ երկրներից չներմուծվեցին, ներմուծվեցին պարզապես Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, սակայն գանձվում է ԱԱՀ: Տարբերությունն այն է, որ եթե Գերմանիայից է ներմուծվում, ապա այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, իսկ երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել ներմուծման ամսվան հաջորդող ամսի 20-ը», - ասել է նա:

Հարցին, թե Միության տարածքում ինչո՞ւ Է գանձվում ԱԱՀ, Արմեն Ալավերդյանը պատասխանել է. «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»:

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միավորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին, հայտնում է PanARMENIAN.Net-ը:

ԵՏՄ-ի հետ ՀՀ վավերացված պայմանագիրը նախատեսում է անցումային շրջան՝ 1-8 տարի ժամկետով, ԵՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող Հայաստանի ներկրման մաքսային տուրքերի համապատասխանեցման համար: 12-60 ամիս ժամկետ է տրվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար: