Մոսկվան եւ Թբիլիսին ավարտել են 2011թ. «Ապրանքների առեւտրի մաքսային վարչարարության եւ մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի գործնական կատարմանն անհրաժեշտ ընթացակարգերը։
Այն թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները ապրանքների առեւտրի ու տարանցման համար։ Դա, ի դեպ, չի երաշխավորում, որ Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված, բայց Վրաստանի կողմից զավթված համարվող հանրապետությունների տարածքներով իսկապես բեռներ կանցնեն, գրում է «Կոմերսանտը»։
Այն մասին, որ Ռուսաստանը եւ Վրաստանն ավարտել են «Ապրանքների առեւտրի մաքսային վարչարարության եւ մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի՝ գործնականում կիրառության մեջ մտցնելու աշխատանքը, տեղեկացրել է թերթի զրուցակիցը Ռուսաստանի կառավարությունից։
Պայմանագիրը կնքվել է Ժնեւում դեռեւս 2011թ. նոյեմբերի 9-ին։ Դա փաստաթղթերի փաթեթի մի մասն է, որոնք կնքվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության գործընթացում։
Ռուսաստանն ԱՀԿ անդամ է դարձել 2012թ.։ Բայց Վրաստանի հետ համաձայնագիրը, որը նախատեսում է երկու երկրների միջեւ երեք առեւտրային միջանցքի ստեղծում, որոնցից երկուսն անցնում են Աբխազիայով ու Հարավային Օսիայով, այդպես էլ չեն գործարկվել։ Մոսկվային եւ Թբիլիսիին յոթ տարի պետք եղավ, որպեսզի ամեն բան պատրաստ լինի դրա իրականացմանը։
Այժմ, պնդում է աղբյուրը, թղթաբանությունն ավարտվել է, եւ այլեւս որեւէ բան չի խանգարում մաքսային վարչարարության ու մոնիթորինգի համաձայնեցված մեխանիզմի գործարկմանը։
Բեռնափոխադրումների մոնիթորինգով եւ դրանց մակնիշավորմամբ զբաղվելու է շվեյցարական Societe Generale de Surveillance-ը (SGS)։
Ենթադրվում է, որ այսպես կոչված աբխազական միջանցքը սպասարկելու են Ադլերում եւ Ինգուրի գետից հարավ տեղակայված տերմինալները, հարավօսականը՝ Ալագիրի ու Գորիի շրջակայքի տերմինալները, իսկ ռուս-վրացական միջանցքը՝ Վլադիկավկազի եւ Կազբեկի (Ռազմավիրական ճանապարհ) տերմինալները։
Պայմանավորվածությունների համաձայն՝ SGS աշխատակիցները աշխատանքը կսկսեն այն բանից հետո, երբ ՌԴ-ից եւ Վրաստանից մուծումներ կկատարվեն իրենց աշխատանքի համար։ Ռուսաստանը 2018թ. հունիսին վճարում կատարել է։ Վրացական կողմը շվեյցարական ընկերության աշխատանքի համար վճարել է անցած տարվա նոյեմբերին։ Ռուսաստանի դեպքում գինը կազմում է տարեկան մոտ 5 մլն շվեյցարական ֆրանկ։ Վրացական կողմինը՝ նույնպես։
Մոնիթորինգն սկսելու վերջնաժամկետը կողմերը կսահմանեն 2011թ. համաձայնագրի համապատասխան ստեղծված համատեղ կոմիտեի նիստում։ Կոմիտեն առաջին անգամ կգումարվի Շվեյցարիայում, փետրվարի 6-ին։
Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատել է, որ համաձայնագրի գործարկման նախապատրաստումն ավարտված է։ Նրա խոսքով՝ վրացական կողմը հույս ունի սկսել փաստաթղթի իրականացումը։
Համաձայնագրի կատարումն սկսելու հարցում շահագրգռված է նաեւ Հայաստանը, որի համար հարավօսական միջանցքը Ռազմավիրական ճանապարհի այլընտրանքն է, որը ձմռան սեզոնին հաճախ փակվում է ձյան ու ձնահյուսերի պատճառով։ «Մենք ունենք հայերի բազմաթիվ խնդրանքները Ռուսաստան տարանցման մասին, որը հաճախ դադարեցվում է ձյան պատճառով»,- ասել է ռուս պաշտոնյան։
Հիմա Հայաստանից եւ հակառակ ուղղությամբ բեռները տեղափոխում են հիմնականում Ռազմավիրական ճանապարհով:
Կա նաեւ համակցված երթուղի, որի մի մասը ծովով է անցնում՝ Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումը: Ռուսաստանի ԱԳՆ-ում համոզված են, որ եթե լրացուցիչ միջանցքները գործեն, դրանք պահանջված եւ ծանրաբեռնված կլինեն:
Այս ծրագրերը կարող են իրականացվել միայն այն պարագայում, եթե վրացական կողմը համաձայնի ապրանքները բաց թողնել Աբխազիայով եւ Հարավային Օսիայով ու դրանք ձեւակերպի:
«Բուն համաձայնագիրը կողմերին չի պարտավորեցնում միջանցքներն ավտոմատ բացել: Այնտեղ կա մոնիթորինգի մեխանիզմի վերաբերյալ պարտավորություն»,- նշել է Զուրաբ Աբաշիձեն: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է համաձայնագիրն ամբողջությամբ կատարել՝ «մենք գործելու ենք խստորեն հետեւելով դրան»:
«Դրա մեջ ռուս-վրացական առեւտրի մասին խոսք չկա: Անգամ վերնագրում բաց են թողել հիշատակումն այն մասին, թե ով ում հետ է առեւտուր անում: Ռուսական պատկերացմամբ՝ դա 3 տեսակի առեւտուր է. առաջին՝ ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ, երկրորդ՝ ՌԴ-ի եւ Աբխազիայի ու ՌԴ-ի եւ Հարավային Օսիայի միջեւ, երրորդ՝ Աբխազիայի եւ Վրաստանի ու Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ: Ըստ էության, համաձայնագրով ստանձնած պարտավորությունները Վրաստանին հարկադրում են Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչել որպես ինքնուրույն մաքսային տարածքներ»,- պնդում է ռուս պաշտոնյան: Նրա խոսքով՝ համաձայնագրի գլխավոր իմաստն այն է, որ 2008 թվականից հետո «Վրաստանի նոր մաքսային սահմանները գծված են»:
Վրացական կողմը նման մեկնաբանությանը կտրականապես համաձայն չէ: «Սկզբունքորեն սխալ է հարցն այս կերպ դնելը: Սա նշանակում է թեման նախօրոք փակուղի մտցնել: Մենք քաղաքական բանավեճի մեջ չենք մտնում եւ ամեն կերպ սուր անկյունները շրջանցում ենք՝ հասկանալով, որ համաձայնագրի արժեքավորությունը դրա չեզոք կարգավիճակն է: Եթե սկսեն հարցերն այսպես դնել, սա քաղաքական իմաստով չափազանց անհաջող կլինի, եւ մենք դժվար թե հաջողության հասնենք»,- շեշտել է Աբաշիձեն:
Թեմային անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Նրա խոսքով, դեռեւս պետք չէ շտապել եւ հռուն գնացող եզրակացություններ անել, քանի որ այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումների ավարտը դեռեւս չի նշանակում, այդ ճանապարհի շուտափույթ գործարկում:
Նրա խոսքով, փետրվարի 6-ին տեղի կունենա Ռուսաստանի եւ Վրաստանի պատվիրակությունների հանդիպումը Ժնեւում, որի մասնակցելու է նաեւ շվեյցարական կոմղի ներկայացուցիչը: Հարցին՝ արժե արդյոք սպասել Վրաստանի տարածքով Հայաստանի առեւտրաշրջանառության ավելացում, ասել է, որ դեռեւս պետք չէ շտապել: «Արագ առաջընթաց պետք չէ սպասել», - ասել է նա: