24.11.2024
Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ի՞նչ է խնդրելու գեներալ Սեյրան Սարոյանը Նիկոլ Փաշինյանից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը փակել էր իր տան դռները, հեռացել, արդեն 3 օր է՝ Հայաստանում է։ Ինչո՞ւ է եկել։ «Բուժման ու անալիզների որոշակի կուրս պետք է այստեղ անցնի ու կրկին վերադառնա Մոսկվա»,- ասացին մեզ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարոյանը հանդիպելու է նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ հարցով։ «Որքանով տեղյակ եմ, Սարոյանը, որից Մանվել Գրիգորյանն ահավոր նեղացած-նեղսրտած է, ցանկանում է Փաշինյանի հետ գեներալի խափանման միջոցից խոսել»։ Նա, հավանաբար, տեղեկացել է, որ Մանվելը գրեթե չի շարժվում, վերջույթները չեն աշխատում, վերածվել է զառամյալ ծերունու՝ այն աստիճան, որ զավակները վերջին տեսակցության ժամանակ սկզբում չեն ճանաչել նրան։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էր Գյումրի՝ Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու: Ու թեեւ Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորել են Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, սակայն նախագահը հրաժարվել է օգտվել նրանց ծառայություններից: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ: Հարցին, թե «վատ չզգացի՞ք, երբ արգելեց ուղեկցել իրեն», Բալասանյանը պատասխանեց. «Վատ զգալու որեւէ խնդիր չկար, նախագահը եկել էր հստակ ներդրումային ծրագրով»: Իսկ նվաստացած չէ՞ք զգում այդ վերաբերմունքից, ասաց՝ «Ոչ, նվաստացած զգալու խնդիր չկա»: Իսկ գոնե հետո էլ չե՞ք հյուրասիրել նախագահին, քաղաքապետը պատասխանեց. «Փուռ-սրճարանում սրճել ենք, օգտվել հյուրասիրությունից»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի լուծարումից հետո չեղարկել է գործուղումների ծախսերը, հայ պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից։ Նոյեմբերի 8-15-ը Պեկին է գործուղվել ՀՀ-Չինաստան բարեկամական խմբի պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։ Կազմում են Ջեմմա Բաղդասարյանը, Շուշան Սարդարյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, «ՔՊ»-ից՝ Լենա Նազարյանը, Արամ Սարգսյանը, իսկ Մարգարիտ Եսայանն ու Ալեն Սիմոնյանը հրաժարվել են։ Եսայանը հայտնեց, որ հրաժարվել է բարեկամի մահվան պատճառով։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասաց, որ ծախսերը չինական կողմն է հոգում։ Սովորաբար բարեկամական խմբերի այցելությունների ծախսերը լուծվում են փոխպայմանավորվածությամբ, երբեմն էլ Հայաստանն է, բացի ավիատոմսերից, մնացած ծախսերն իր վրա վերցրել՝ խմբեր հյուրընկալելիս։


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արդեն հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Եվ քանի որ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու հավակնություն դրսևորած «Ալյանսը» հայտարարեց, որ նոր Ընտրական օրենսգրքի տապալումից հետո այլևս առանց խոշոր միավորների մասնակցելն անհնարին է դառնում, ամենայն հավանականությամբ, Ուրիխանյանը կառաջադրվի այն ձևաչափով, ինչպես առաջադրվել է ավանդաբար, այսինքն՝ Ծառուկյանի թիմից՝ ԲՀԿ-ի ցուցակով։ Այս տեղեկությունը չհերքեց նաև «Ալյանսի» մեր աղբյուրը՝ նշելով, որ «երկուշաբթի տեղի կունենա կուսակցության արտահերթ հրատապ համագումար, և տեղում կարվի հայտարարություն»»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ՕԵԿ վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Ըստ ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ որոշում է կայացվել չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչի մասին կուսակցությունը կհայտարարի առաջիկայում: Որպես չմասնակցության հիմնական պատճառ նշվելու է ԸՕ փոփոխությունների տապալումը և ռեյտինգային ընտրակարգի պահպանումը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Միրիջանյանը մարզպետ էր նշանակվել ԲՀԿ քվոտայով և աշխատանքից ազատվեց հոկտեմբերի 2-ի ԲՀԿ-ի հայտնի քվեարկությունից հետո: Գագիկ Միրիջանյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու էր առաջադրվել ՀՅԴ-ի կողմից և ստացել էր մոտ 500 ձայն»:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն մոտ օրերս ամբողջական կկազմի եւ կհրապարակի կուսակցության համամասնական եւ վարկանիշային ընտրացուցակները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ ընտրացուցակը եւ հատկապես վարկանիշային ընտրակարգով առաջադրվողների պարագայում այնքան էլ փոփոխությունների չի ենթարկվելու: Մասնավորապես, մի քանի անուններ արդեն հայտնի են: Այս անգամ վարկանիշային ընտրակարգով կարող է առաջադրվել նաեւ Արմեն Ռուստամյանը, ով կրկին կղեկավարի ՀՅԴ ընտրացուցակը: Վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են նաեւ նախկին նախարարներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Դավիթ Լոքյանը, ինչպես նաեւ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Ընդ որում, 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 48 ձայն: Համեմատության համար նշենք, որ «Ելք» դաշինքը ստացել էր 122 հազար 65 ձայն: Սակայն ՀՅԴ-ի ցուցակում կան թեկնածուներ, ովքեր նախորդ ընտրություններում քիչ ձայներ էին ստացել. օրինակ` պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ով ստացել էր 509 ձայն: Հատկանշական է, որ ԱԺ այս ընտրություններում բոլոր կուսակցությունները կարծես թե մտադիր են վարկանիշային ընտրակարգով առաջադրել նաեւ իրենց քաղաքական դեմքերին, որոնք նախկինում ընդգրկված են եղել միայն համամասնական ընտրացուցակներում: Այս քայլին հետեւում է նաեւ ՀՅԴ-ն: Միայն թե հետաքրքիր է` արդյոք ՀՅԴ-ն, որ այլեւս իշխանության մաս չէ, չի վայելում ՀՀԿ հովանավորչությունը, նախկինի նման չունի ԱԺ-ում հայտնվելու դաբրոներ (ինչպես եւ դաբրոներ չունեն ընտրություններին մասնակից մյուս ուժերը), կկարողանա հաղթահարել անցողիկ շեմն ու հայտնվել խորհրդարանում:


«Ժամանակ» թերթը գրում է. «2015թ. հայտնի իրադարձություններից հետո առաջինը ԲՀԿ-ից թռած, իսկ հետագայում «Ալյանս» կուսակցությանն անդամակցած Արագած Ախոյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արագածոտնի մարզում՝ ներկայացնելով ԲՀԿ-ն: «Ալյանսը» բանակցություններ էր վարում «Հանրապետության» և «Ազատ դեմոկրատների» հետ՝ հայտարարելով, թե կարող են ընտրություններին մասնակցել դաշինքով, բայց իրականում այդ ամենն ուղղված էր ԲՀԿ-ում սեփական տեղը ապահովելուն»:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. հունիսի 1-ին` ճակատագրի հեգնանքով իր ծննդյան օրը, ազատվեց պաշտոնից: Ու պաշտոնանկությունից հետո մի տեսակ ընդհատակ է անցել, հրապարակային ոչ մի գործողություն չի կատարում: Սա այն դեպքում, որ նա ֆորմալ ձեւով հանդիսանում է ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության նախագահը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աբովյանին հայրենի Կողբ գյուղում չեն տեսնում, նա նույնիսկ հարազատների հարսանիքներին չի մասնակցել: Սա թերեւս պայմանավորված է այն քրեական գործով, որը հարուցվել է «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ի գործունեության մասով: Այս ընկերությունը փաստացի պատկանում է Հովիկ Աբովյանին: Այն ՏԿՏՆ լիցենզիայով իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ. 3500-10500-ական դրամները հափշտակել է: Բացի այդ, փաստաթղթեր կեղծելու եղանակով հափշտակել է գումար եւ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում` ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 6 միլիոն 700 հազար դրամ:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀԱՊԿ նիստը բավականին բուռն է ընթացել։ Նիստի մասնակիցները որոշում են ունեցել, որ ԶԼՄ-ներին մանրամասներ չեն փոխանցելու, ասելու են միայն, որ գլխավոր քարտուղարի հարցը տեղափոխվել է դեկտեմբերի 6-ի ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգ, սակայն պայմանավորվածությունը խախտել է Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ասել է, որ իրենք կողմ են Բելառուսի թեկնածուին, իսկ բուն քննարկման ժամանակ էլ տեսակետ է հայտնել, որ Հայաստանի թեկնածուի հաստատման դեպքում նոր քարտուղարը ժամանակ չի ունենա 1 տարվա ընթացքում հարցեր լուծել՝ «երկրներով անցնել»։ «Բանն այն է, որ Ղազախստանը, որն ակնհայտորեն լոբբինգ է անում Ադրբեջանին, չի ցանկանում, որ այդ պաշտոնում առաջադրվի Ռուսաստանի թեկնածուն»,- ասաց մեր աղբյուրը։ Ի՞նչ սցենարներ կլինեն դեկտեմբերի 6-ին։ «Հնարավոր սցենարները հետեւյալն են․ Բելառուսն ու Ղազախստանը մնում են իրենց դիրքերում, Հայաստանը զիջում է իր դիրքերը․ սա քիչ հավանական է։ Ղազախստանն ու Բելառուսն են զիջում՝ դա եւս քիչ հավանական է։ Ըստ ամենայնի՝ հավանականը ժամանակավոր պաշտոնակատարն է»։ Բայց մի նուրբ խնդիր էլ կա՝ ՀԱՊԿ դիտորդության նախագիծը, որը մշակել է Բելառուսը․․․ Ադրբեջանի համա՞ր է մշակվել։ «Ինչո՞ւ ոչ, սակայն այն նաեւ ընդհանուր խնդիր է լուծում»։ Հնարավո՞ր է բարտեր․ մենք թույլ ենք տալիս Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ դիտորդ անդամ, Հայաստանը տարիուկես շարունակում է գլխավոր քարտուղարի պաշտոնը։ «Ոչ, Ադրբեջանի դիտորդ անդամի դիմաց Հայաստանն առնվազն պետք է պահանջի, որ Ադրբեջանը պարտավորություն ստանձնի պատերազմը չսկսելու, ինչպես նաեւ Հայաստանին տրամադրվի լրջագույն զինտեխնիկա։ Մի մոռացեք, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ եթե Հայաստանը չհամաձայնի, Ադրբեջանը երբեք չի դառնա դիտորդ անդամ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Փաստաբան Միհրան Պողոսյանը նաեւ Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանն է, ում հետ կապված՝ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե երբ նոյեմբերի վերջին ավարտվի Մոսկվայում գտնվող Հարությունյանի բուժման կուրսը, նրան խորհուրդ է տալու լավ մտածել՝ արժի՞ Հայաստան գալ արդարադատություն փնտրելու համար։ Հարցին, թե ինչու նման խորհուրդ չի տվել նաեւ իր մյուս պաշտպանյալին՝ Յուրի Խաչատուրովին, փաստաբանն ասաց, որ, ի տարբերություն Հարությունյանի, Խաչատուրովի նկատմամբ հուլիսին դատարանը գրավն է կիրառել՝ որպես խափանման միջոց, եւ այս պարագայում, գոնե ազատության մասով, հանգիստ են։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի պետական պարտքն այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 724.3 մլն դոլար: Տարեսկզբի համեմատ այս թիվը նվազել է 50.3 մլն դոլարով. բանն այն է, որ հունվարի 1-ի դրությամբ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Այս պատկերը, թերեւս, պատահական չէ. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը որդեգրել է պարտքի նվազեցման, միաժամանակ, նոր պարտք չավելացնելու քաղաքականություն: Նկատենք, որ այս քաղաքականությունը ՀՀ կառավարությունը սկսել է վարել մայիս ամսից սկսած, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը: Իսկ նա կառավարությունը «ժառանգություն» ստացավ պետական պարտքի բավական ահռելի բեռով. մայիսի 1-ի դրությամբ պարտքը 6 մլրդ 867.5 մլն դոլար էր: Այսինքն` Փաշինյանի կառավարության այս ամիսներին պետական պարտքը նվազել է ընդհանուր 143.2 մլն դոլարով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: Նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 199 հազար 500 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 204 հազար 400 տոննայի դիմաց: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային` տեղեկացնելով, որ հացի արտադրության ծավալների անկումը հետեւանք է մշտական բնակչության թվաքանակի նվազման եւ գնողունակության անկման: Ըստ այդմ, որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, արտադրության ծավալները: