Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում:
Մրցաշարի բացման կապակցությամբ նախագահը հանդես է եկել ելույթով: Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաև Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից` «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրևը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը
«Կարծում եմ՝ սա մի առանձնահատուկ հանգրվան է այստեղ գտնվող շախմատային հսկաների համար, ովքեր ընդամենը ժամեր անց ձեռնամուխ կլինեն տիտանական մրցաշարի՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի իրավունք վաստակելու համար:
Ես հպարտ եմ, նաև՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը:
Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում և խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը:
Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում:
Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հասարակությունը դա մեծ ոգևորությամբ ընդունեց, և արդեն զգացվում են դրական արդյունքները:
Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաև այլ երկրներում:
Այս տարի Հայաստանում բացվեց աշխարհում առաջին շախմատի գիտահետազոտական ինստիտուտը: Հուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնա-խնդիրների շուրջ տարվող աշխատանքներն ու ուսումնասիրությունները ի հայտ կբերեն շախմատի դեռևս չբացահայտված կողմերը:
Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»»: