ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակիցներին հիշեցրել է, որ տասը տարի առաջ Մադրիդում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից կողմերին ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները:
«Երկու տարի անց Աթենքում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը բոլոր մասնակից երկրների անունից հայտարարություն ընդունեց, որով աջակցում էր այդ հիմնարար սկզբունքներին և ընդգծում կողմերի հանձնառությունը՝ համաձայնության հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման շուրջ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Համանախագահ երկրների նախագահները 2009 թվականից ի վեր ընդունած իրենց համատեղ հինգ հայտարարություններում վերահաստատեցին իրենց աջակցությունը հակամարտության կարգավորման այս սկզբունքներին և հիմնական տարրերին, որոնք իրենց կողմից ներկայացվել էին որպես մեկ ամբողջություն: Դրանից հետո տարբեր առիթներով համանախագահները բազմիցս վերահաստատել են այս տարրերն ու սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ գրեթե բոլոր նախարարական խորհուրդների ընթացքում, և բոլորովին վերջերս Համբուրգում ընդունված իրենց համատեղ հայտարարության մեջ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները այդ սկզբունքների և տարրերի հիման վրա՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով»,- ասել է նա:
Նալբանդյանի խոսքով՝ առկա են մի շարք պատճառներ, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում՝ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի ևայլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը: ՀՀ ԱԳՆ-ն թվարկել է դրանք.
Առաջին, Ադրբեջանը հետքայլ է կատարել և մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերը նշված երեք սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք:
Երկրորդ, Ադրբեջանն ընտրողական մոտեցում է որդեգրել համանախագահների կողմից առաջարկած տարրերի նկատմամբ, թեև վերջիններս շարունակաբար նախազգուշացրել են զերծ մնալ նման գործունեությունից, քանի որ նրանց կողմից արված առաջարկություններն իրենք ընկալում են որպես անբաժանելի ամբողջություն, և միաժամանակ հստակեցրել, որ սկզբունքներից և տարրերից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:
Երրորդ, Բաքուն չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետ է կանգնում դրանցից, ինչպես դա տեղի ունեցավ բանակցությունների մի շարք փուլերում, մասնավորապես, 2010թ. հունիսին Սանկտ Պետերբուրգի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2011թ. մարտին Սոչիի, 2011թ. հունիսին Կազանի գագաթաժողովների ժամանակ: Ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը:
Չորրորդ, համանախագահների ջանքերի գրեթե անդադար խոչընդոտումը և միջնորդությունն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը բացահայտորեն մատնացույց են անում Ադրբեջանի՝ բանակցությունները խաթարելու մտադրությունը: Զարմանալի չէ, որ համանախագահներն իրենց հայտարարություններում կոչ են արել Բաքվին հետ կանգնել այս դիրքորոշումից:
Հինգերորդ, Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, հրադադարի պարբերական խախտումներն ու սադրանքները, առանց նախազգուշացման զորավարժությունների անցկացումը` բացահայտորեն գործելով ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթին հակառակ, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքուն պատերազմը դիտարկում է որպես հնարավոր տարբերակ: Համանախագահները բազմիցս կոչ են արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ իրավիճակի սրումից, վերահաստատել հանձնառությունը խաղաղ կարգավորմանը։ Որևիցե մեկը չի կասկածում, որ հենց Ադրբեջանն է մշտապես խախտում զինադադարը և սրում իրադրությունը։
Վեցերորդ, բանակցային գործընթացին լուրջ հարված հասցվեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2016թ. ագրեսիայով, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ` երեխաների, կանանց և տարեց անձանց նկատմամբ վայրագություններով, դիակների խեղումը, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով:
Յոթերորդ, ապրիլյան ագրեսիայից հետո պատերազմի հետևանքները վերացնելու նպատակով համանախագահները կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ադրբեջանը հրաժարվեց կյանքի կոչել այդ գագաթաժողովների շրջանակներում ձեռքբերված և հայտարարված պայմանավորվածությունները, մասնավորապես, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման, հակամարտության գոտում մշտադիտարկման կարողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ: Այդ պայմանավորվածությունների նպատակն էր խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծումը, ուստի, դրանք մերժելով, Բաքուն դիտավորյալ խոչընդոտում է բանակցությունները:
Ութերորդ, Ադրբեջանը շարունակում է հակահայկական ատելության քարոզչության քաղաքականությունը, աշխարհի բոլոր հայերին կոչում է իր համար մեկ թշնամի, դասագրքերում հայերին ներկայացնում որպես Ադրբեջանի գենետիկ հակառակորդներ, ոչնչացնում է տեղաբնիկ հայերի մշակութային ժառանգությունը և կրոնական կոթողները, պնդում է, որ իբր Հայաստանի տարածքներն ադրբեջանական պատմական հողերն են: Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, ով իրոք խաղաղության են ձգտում նման բան չեն անում։
Իններորդ, հիմնարար սկզբունքների վերաբերյալ երկար տարիներ բանակցելուց հետո Ադրբեջանն սկսեց պնդել, որ դրանք ընդունելու անհրաժեշտություն չկա, ինչը բացարձակ անարգանք է մյուս բանակցող կողմերի, համանախագահող երկրների, նրանց կողմից գործընթացի մեջ ներդրված հսկայական ջանքերի և ժամանակի նկատմամբ:
«Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար և մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: Հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է հանգեցնել ստատուս քվոի փոփոխմանը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու համար, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատու-քվոյի փոփոխմանը: Ադրբեջանի մտադրությունները հստակ երևում են իր իրականացրած ծախսերից. Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են եկել համանախագահները»,- ասել է նա:
ԱԳ նախարարը նաև ասել է, որ եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար:
«Համոզված ենք, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, և անհրաժեշտ է անցկացնել ինտենսիվ բանակցություններ համանախագահների առաջարկությունների հիման վրա: Այս ընկալմամբ եմ վերջին տարվա ընթացքում 6 անգամ հանդիպել ադրբեջանցի գործընկերոջս և վերջին անգամ հենց երեկ` նախարարական խորհրդի շրջանակներում: Նախարարների միջև հանդիպումները և համանախագահների գործուն միջնորդությունը հնարավորություն ընձեռեցին նախապատրաստել 2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը: 16 ամսվա ընդմիջումից հետո դա նախագահների առաջին հանդիպումն էր, որն անցավ հիմնականում դրական մթնոլորտում:
Մոտ չորս տարվա ընդմիջումից հետո Ժնևի գագաթաժողովին առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել: Նախկինում Հայաստանը բազմիցս իր պատրաստակամությունն էր հայտնել միանալու համանախագահների հայտարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Այս համատեղ հայտարարությունն արտացոլում է այն, ինչ երկար ժամանակ կոչ է անում Հայաստանը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս քայլերը ներկայացվել են 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին արված հայտարարությունների մեջ: Ժնևի հայտատարարությունը նաև շեշտում էր բանակցային գործընթացն ակտիվացնելու անհրաժեշտությունը, և սրան նույնպես Հայաստանը մշտապես աջակցել է։
Ցավոք, գագաթաժողովից անմիջապես հետո Բաքուն կրկին վերադարձավ իր անհիմն մեղադրանքների և ռազմատենչ հռետորաբանության ոճին:
Ադրբեջանի իմ գործընեկրոջ հետ երեկ տեղի ունեցած հանդիպումը ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում էր։ Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո»,-ասել է ԱԳ նախարարը։
Իր ելույթի վերջում նա նաև հիշեցրել է, որ հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նշելու է իր ճակատագիրն ազատ տնօրինելու, մարդկային արժանապատվության և ազատության իրավունքի պաշտպանման համար մղվող պայքարի 30-ամյակը.
«Երեք տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդին, չնայած կործանարար պատերազմին և բոլոր դժվարություններին, հաջողվեց ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական հաստատությունների վրա հիմնված հասարակություն: Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը»,- հավելել է նա: