Մերկելը շնորհավորել է գրող Ախանլիին ազատ արձակվելու կապակցությամբ և քննադատել Թուրքիային
Թուրքիան Ինտերպոլի օգնությամբ հասել է Իսպանիայում ծագումով թուրք, գերմանացի գրող Դողան Ախանլիի ձերբակալությանը։ Դրա հետ կապված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Անկարան օգտագործում է միջազգային կազմակերպություններն ի շահ իրեն։
Նրա խոսքով՝ Թուրքիան չարաշահում է իր անդամակցությունը միջազգային կազմակերպություններում, մասնավորապես Ինտերպոլում։ Գրողին ազատ էին արձակել Գերմանիայի և Իսպանիայի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո։
«Միջազգային կազմակերպությունները չպետք է կիրառվեն այդ նպատակներով»,- հայտարարել է Մերկելը՝ շնորհավորելով Ախանլիին ազատ արձակման կապակցությամբ։
Գրողը կարծում է, որ ձերբակալման առիթ է դարձել իր ստեղծագործություններում առկա՝ թուրք հասարակության ու թուրքական պետության քննադատությունը։
Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում հանգստի ժամանակ, Թուրքիայի պահանջով ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ թուրք գերմանացի գրող Դողան Ախանլիին: Փաստաբանի խոսքով՝ ձերբակալության հիմք է հանդիսացել Թուրքիայում գրողի դեմ հարուցված քրեական գործը: 60-ամյա Աղանլին Գերմանիայում է բնակվում 1992 թվականից և հանդիսանում է Գերմանիայի քաղաքացի: Իր աշխատությունների հիմնական թեման Հայոց ցեղասպանությունն է: