Ավստրիայի ԱԳՆ․ Վիեննան չի հանդուրժի Անկարայի միջամտությունն իր ներքին գործերին
Ավստրիան չի հանդուրժի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա նախարարների կողմից միջամտություն իր ներքին գործերին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։
«Ես հստակ մերժում եմ Էրդողանի մշտական միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին , իսկ դա տեղի է ունենում ոչ միայն Գերմանիայում»,- ասել է Կուրցը։
Նրա կարծիքով Էրդողանը «փորձում է թուրքական ծագումով քաղաքացիներին, հատկապես Գերմանիայում ու Ավստրիայում, օգտագործել բեւեռացման համար ու հակամարտությունները Թուրքիայից ԵՄ է տեղափոխել»։
«Եթե Էրդողանը կամ նրա նախարարները մտադիր են որեւէ նման բան անել Ազգային խորհրդի գալիք ընտրությունների ժամանակ, ես արդեն հիմա ուզում եմ ասել, որ մենք ոչ մի դեպքում չենք հանդուրժի նման միջամտություն»,- շեշտել է նախարարը։
Ուրբաթ Էրդողանը Գերմանիայի առաջատար քաղաքական կուսակցություններն անվանել է թշնամական Թուրքիայի հանդեպ։ «Եւ Քրիստոնյա- դեմոկրատական միությունը, եւ Քրիստոնյա- սոցիալական միությունը, եւ կանաչները Թուրքիայի թշնամիներն են։ Իրավիճակը կարող են փոխել Գերմանիայում ապորղ երեք միլիոն թուրքերը։ Կարծում են նրանք ընտրություններին պետք է դաս տան քաղաքական կուսակցություններին, որոնք նման անհարգալից վերաբերմունք ունեն Թուրքիայի հանդեպ»,- ասել է նախագահը։
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Էրդողանի մեկնաբանություններն անվանել է «կոպիտ միջամտություն» Գերմանիայի գործերին։