Կառավարությունը 1,37 մլն դոլար կհատկացնի քաղաքական ուժերի ֆինանսավորմանը
Լուսանկարը` parliament.am
Հայաստանի գործադիր մարմինը հաստատել է պետական բյուջեից քաղաքական կուսակցություններին հատկացվող տարեկան ֆինանսավորման չափը՝ հիմնվելով վերջին համապետական ընտրությունների արդյունքների վրա:
Փետրվարի 19-ի նիստում կառավարությունը որոշում է կայացրել ընդհանուր առմամբ 521 մլն դրամ (շուրջ 1,37 մլն դոլար) հատկացնել այն չորս քաղաքական միավորներին, որոնք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթահարել են օրենքով սահմանված նվազագույն շեմը։
Ֆինանսավորումն իրականացվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի շրջանակներում և բաշխվում է քվեների համամասնությամբ։
Ամենախոշոր հատկացումը կստանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ շուրջ 706 հազար դոլար, իսկ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին կփոխանցվի մոտ 429 հազար դոլար։
Ուշագրավ է, որ պետական աջակցություն կստանան նաև այն ուժերը, որոնք այսօր ներկայացված չեն Ազգային ժողովում, սակայն ստացել են օրենքով պահանջվող քվեների քանակը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կհատկացվի մոտ 133 հազար դոլար, իսկ «Հանրապետություն» կուսակցությանը՝ շուրջ 102 հազար դոլար։
Գործընթացը նախատեսված է իրականացնել փուլային տարբերակով. տարվա առաջին կիսամյակում կփոխանցվի գումարի կեսը՝ մոտ 685 հազար դոլար, իսկ մնացած մասը՝ տարեվերջին։ Կառավարության պարզաբանմամբ՝ այս հատկացումները լրացուցիչ բեռ չեն հանդիսանա պետական գանձարանի համար, քանի որ միջոցները նախապես ներառված են եղել 2026 թվականի բյուջետային ծախսերում։