24.11.2024
Դեսպան. Իսրայելի-ՌԴ համագործակցությունը դրական է անդրադառնում Մերձավոր Արևելքի գործընթացների վրա
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը բացահայտել է, թե երբ կստորագրվի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը

Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեյնթ Ջուլիանսի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Արենա» կոնֆերանսների կենտրոնում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:


ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, համագումարը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ, համագումարը հյուրընկալած երկրի` Մալթայի Ազգայնական կուսակցության նախագահ Սիմոն Բուզուտիլը:


Նախագահ Սերժ Սարգսյանը համագումարի այսօրվա լիագումար առաջին նիստում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Հայաստանում օրերս կայանալիք խորհրդարանական ընտրություններին:


«Փետրվարի վերջին տեղի ունեցավ հիրավի պատմական իրադարձություն. Բրյուսելում նախագահ Տուսկի հետ միասին մենք ազդարարեցինք մեր երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ արդեն Երևանում, կողմերը նախաստորագրեցին այն: Նախատեսում ենք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ստորագրել այս կարևոր փաստաթուղթը՝ ապավինելով նաև մեր գործընկերների աջակցությանը։ Ուժի մեջ մտնելուց հետո այն նոր էջ կբացի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում՝ ամրապնդելով դրանց ինստիտուցիոնալ հիմքը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր գործընկերության ընդլայնման և խորացման համար», - իր ելույթում նշել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:


«Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետևողականության, մյուս կողմից վերջին տարիներին Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում», - իր ելույթում նշել է Հանրապետության նախագահը:


«Ընդամենը երեք օր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սա կարևորագույն հանգրվան է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Հաշվի առնելով երկրի զարգացման առանձնահատկությունները՝ մենք մեր առջև խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման և ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Մենք հանձնառու ենք և անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ», - հավելել է Սերժ Սարգսյանը:


Համագումարի երկու օրերին պատվիրակների ուշադրության կենտրոնում են լինելու համաեվրոպական նշանակության հարցերը, օրակարգում մեծ տեղ է վերապահված «Եվրոպայի ապագան» առանցքային թեմայով քաղաքական քննարկումներին: Անդրադարձ կլինի նաև Եվրոպական հարևանության խնդիրներին, Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումներին, միջազգային արդի մարտահրավերներին: