10.08.2025
Ինչ կատարվեց երեկ և ինչ է պետք անել
prev Նախորդ նորություն

Իրանը մտահոգված է «Թրամփի ճանապարհի» շուրջ հնարավոր թաքնված գործարքներով. Ռոբերտ Բեգլարյան

Լուսանկարը` www.pap.pl/ru
Լուսանկարը` www.pap.pl/ru

Կարևոր տարրերից մեկը Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների մասին հայտարարության մեջ «Թրամփի ճանապարհի» ստեղծումն էր՝ տրանսպորտային ուղի, որը միացնում է Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ Հարավային Հայաստանի տարածքով:


Իրանի արձագանքը այս նախագծին եղել է կտրուկ բացասական: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց զուսպ հայտարարություն, մինչդեռ Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին արտահայտեց իր մտահոգությունը: Նա շեշտեց, որ նախագիծը կարող է ուժեղացնել ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում, ինչը սպառնալիք է ներկայացնում Թեհրանի անվտանգության համար: Վտանգելով, որ չհաջողելու դեպքում «Թրամփի միջանցքը» կդառնա «վարձկանների գերեզման», Վելայատին ընդգծեց, որ Իրանը նաև մտահոգված է իր սահմանների անմիջական մոտակայքում արտաքին ուժերի միջամտությամբ:


VERELQ-ին տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը բացատրում է, թե ինչու է Իրանը մտահոգված, որքան իրական են Իրանի պաշտոնյաների սպառնալիքները և արդյոք Հայաստանը կկարողանա համոզել Թեհրանին, որ «Թրամփի ճանապարհը» չի խաթարում նրա շահերը, այլ ստեղծում է, ինչպես նշել է Փաշինյանը, համագործակցության հնարավորություններ:


Հարցազրույց Ռոբերտ Բեգլարյանի հետ - Հանրային հեռուստաընկերություն


Լուսանկարում` Ռոբերտ Բեգլարյանը


VERELQ: Պարոն Բեգլարյան, Իրանից գալիս են բավական կտրուկ արձագանքներ։ Տպավորություն է ստեղծվում, թե իրանցիները կարծում են, որ հայկական կողմը Վաշինգտոնում ձեռք բերված համաձայությունների համատեքստում շրջանցել է իրենց մտահոգությունները կամ, բարբառային ասած, «գցել է Իրանին»։ Ինչպե՞ս կբացատրեիք այդ կտրուկ արձագանքները։


Ռոբերտ Բեգլարյան: Բնականաբար, արձագանքները, որքանով գիտեմ, սկզբում Իրանի արտաքին գործերի նախարարության մակարդակով բավականին մեղմ էր։ Սակայն հետագայում, երբ պարոն Վելայաթին իր Twitter-ի գրառումը հրապարակեց և անցած շաբաթվա զարգացումներին այդքան քննադատական մոտեցավ, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի այս ձևաչափին, որը արդեն ընդունվել է, տարբեր լրատվամիջոցներում կամ փորձագիտական դաշտում տրամադրություններն ավելի կոշտացան։


Բնականաբար, զուգահեռաբար անմիջապես կլոր սեղանների, հանդիպումների, հարցազրույցների, հոդվածների մեջ տարբեր տեսակետներ հնչեցին, բայց մեծ մասը, ինչպես դուք նշեցիք, բացասական մոտեցում ունեին և դեռ ունեն։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ բացի այդ հռչակագրից, Իրանում մտահոգ են, թե կուլիսների հետևում ինչ համաձայնություններ կան կամ գործնականում ինչպես կընթանա այդ ամերիկյան ընկերության կամ կոնսորցիումի ներկայությունը։ Կասկած կա, որ անխուսափելիորեն կներառվեն ամերիկյան անվտանգային և ռազմական ուժեր, և հետևաբար դա լուրջ սպառնալիք կստեղծվի Իրանի համար։


Մի խոսքով՝ այս մտավախություններն այս պահին գոյություն ունեն Իրանում։ Հիմա թե հայկական կողմն ինչ պարզաբանումներ է տվել կամ այդ թեմայի շուրջ ինչքան հստակեցումներ է կատարել, մեզ հայտնի չէ։ Նաև տեսակետներ կան Իրանում, որ Թեհրանի քաղաքականությունն այս տարիների ընթացքում չի համապատասխանել Հայաստանի կարիքներին և տարածաշրջանի իրականություններին, հետևաբար հանգել է այս եզրակացությանը։


Ասում եմ՝ տեղի ունեցածը բոլորի համար դեռ մի շարք առումներով անորոշ է դեռ, սակայն հռչակագիր ստորագրվել ԱՄՆ-ի մասնակցությայմբ, և Իրանը պետք է հայտարարի, որ կատարված գործի դեմ է հանդես գալիս։ Հիմա թե ինչպես կարձագանքի, այսինքն՝ գործնականում ինչպես կարձագանքի, դեռ պետք է տեսնել և սպասել։


VERELQ: Հայտարարությունները, որ Իրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի գոյությունը Հարավային Կովկասում՝ նկատի ունենալով Սյունիքը, նյութականացվելու ռի՞սկ ունեն։ Ինչպի՞սին կարող է լինել Իրանի արձագանքը՝ խոսքը դիվանագիտական մեթոդների մասին է, թե՞ կարող է ավելի հեռու գնալ։


Ռոբերտ Բեգլարյան: Ճշմարիտ է ասել, որ ինձ համար էլ դա հարց է։ Բացի դիվանագիտական միջոցներից կամ այն մյուս լծակներից, որոնք, ենթադրենք, տնտեսական ոլորտում, որոշ չափով էներգետիկ բնագավառում Իրանն ունի, հարց է ծագում՝ ուրիշ ինչ միջոց կա։ Հատկապես, օրինակ, ես հիմա անպատրաստ եմ ասում, ենթադրենք, Հայաստանի ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունը ինչպես կարող է լինել, կամ նաև Ռուսաստանի քայլերն ինչպես կլինեն, ինչ-որ համաձայնություն կամ համագործակցություն կլինի, թե ոչ։


Բնականաբար, ես անձամբ իմ կարծիքով՝ սկզբնական շրջանում այդպես չեմ կարծում, որ կլինի։ Հավանաբար պետք է դեսպանները կամ ԱԳՆ-ի համապատասխան մարմինները հանդիպեն և փորձեն պարզաբանումներ տալ, անկախ նրանից, թե իրանցիները ինչքան հավատարիմ կգտնվեն դրան, ինչքան կվստահեն։ Իմ կարծիքով՝ կարևոր հանգամանք է հենց այստեղ, թե ինչպես հայկական կողմն այդ վստահությունն է ապահովելու։


Համենայն դեպս չպետք է մոռանալ, որ ի վերջո նման ձևաչափը բոլոր իր մանրամասնություններով Իրանի համար պարունակում է լուրջ սպառնալիքներ։ Շատ բնական է, որ Իրանն այդ սպառնալիքները կգնահատի՝ զուգահեռ Իսրայելի ներկայությանն Ադրբեջանում և տարածաշրջանում։ Երբ արդեն Ամերիկայի ներկայությունն այսպես Իրանին սահմանակից անմիջական ներկայություն լինի, դա ինքնին նույնպես վկայում է Իսրայելի ներկայության մասին, Թուրքիայի կշռի բարձրացման մասին, և սրանք պետք է լուրջ ընդունել, որ Իրանի համար սպառնալիքներ են։


Բայց ինչպես դուք հարցրեցիք՝ այդ սպառնալիքները կարո՞ղ են կյանքի կոչվել, եթե այո, ապա ինչպե՞ս: Ելնելով Իրանի ռեսուրսներից և ներկա պայմաններից, կարծում եմ, որ Իրանն այս պահին կփորձի հավելյալ պարզաբանումներ ստանալ Հայաստանից, և հետո կորոշվի՝ նկատի ունենալով բոլոր այդ խնդիրները, որոնց առջև Իրանը կանգնած է։


Համենայն դեպս՝ Հայաստանը, ես կարծում եմ, ամեն ինչով հանդերձ կարևոր հարևանն է Իրանի համար, և փոխադարձ միշտ վստահություն է եղել, բայց չպետք է այդքան հանգիստ մտածել, քանի որ միշտ վստահություն է եղել և վստահելի հարաբերությունները լավ մակարդակի վրա են, հիմա այս պահից սկսած նույնպես ամեն բան հարթ է, որովհետև համենայն դեպս շատ բնական է, որ Իրանի համար սրանք սպառնալիքներ են։


VERELQ: Դուք Ռուսաստանի մասին նշեցիք։ Վելայաթին իր հայտարարության մեջ նաև Ռուսաստանին էր հիշատակում՝ ասելով, որ անկախ Ռուսաստանից Իրանը կարձագանքի։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանն էլ է այդ ճանապարհին դեմ խոսում, դուք տեսնո՞ւմ եք այստեղ Իրանի և Ռուսաստանի համագործակցության հնարավորություն՝ ընդհանուր ճակատ կձևավորե՞ն, թե՞ ոչ։


Ռոբերտ Բեգլարյան: Ես հնարավորություն եմ տեսնում, բայց թե հնարավորություններն ինչ են, և ռեսուրսներն ինչքան իրենց թույլ կտան, երկու երկրները ինչ քայլեր կիրականացնեն՝ դա իսկապես չեմ կարող ասել։


Հատկապես այն, որ ես բազմիցս առիթ ունեցել եմ տարբեր հարցազրույցներում մատնանշել, որ գուցե պայմաններն այնպես փոխվեն, որ Իրանը ինչ-որ կերպով փորձի համապատասխան հավանական ձևաչափերում ներառվել և դերակատարություն ունենալ։ Դժբախտաբար մենք այդ ուղղությամբ ոչ մի քայլ չենք տեսել, հատկապես հենց Հայաստանի կողմից, որ գուցե գաղտնի հանդիպումներում ինչ-որ առաջարկներ լինեն՝ բացի ռազմական ոլորտում որոշակի փորձի փոխանակումից և համագործակցություններից։


Ինչպես լսել եմ մասնագետների կողմից, հարցը միայն այս ձևաչափը չէ, հարցը դրան համապատասխան ինստիտուտներն արդյունավետ կերպով աշխատացնելն ու ստեղծելն է։ Հետևաբար, գուցե Իրանին ինչ-որ առաջարկներ լինեն, որոնց ես, բնականաբար, ծանոթ չեմ։


Նաև Իրանի կողմից էլ գուցե որոշ չափով խնդիրը միշտ «խաղ զրոյական արդյունքով», այսինքն՝ չի փորձվել գնահատական տալ, թե իսկապես ինչ կարելի է, ինչ սցենարներով կլինի, և անխուսափելի չէ, որ կտրուկ արտահայտությամբ համապատասխան արդյունք տա։ Կարծում եմ՝ Իրանի կողմից էլ այդ քայլերը չեն արվել, և համապատասխան ճկունությունը նկատի չի առնվել, որովհետև ի վերջո Հայաստանի համար ամենակարևոր հարցն է եղել իր անվտանգությունն այս բարդ տարածաշրջանային պայմաններում։


Սրանք բոլորը անորոշություններ են, որ տարածված են թեմայի շուրջ, և դժբախտաբար հիմա այս կետում ենք հասել՝ դժբախտաբար ասելով նկատի ունեմ Իրանի համար սպառնալիքները, որոնք համենայն դեպս Իրանը գործնական է համարում։


VERELQ: Վարչապետ Փաշինյանը Վածինգտոնում ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրանի հնարավոր մտահոգություններին, ասաց, որ ինքը տեսնում է այդտեղ համագործակցության հնարավորություն, այսինքն՝ կարող է լինել համագործակցություն Սյունիքի տարածքում Հայաստանի, Իրանի, Ամերիկայի միջև։ Ինքն ամեն դեպքում հակված է համագործակցային ճանապարհով գնալուն։ Նման մոտեցումը Իրանի համար կարո՞ղ է համոզիչ լինել։


Ռոբերտ Բեգլարյան: Նայեք, թույլ տվեք ես հարցը մեկ այլ կողմից պարզաբանեմ։ Այդ անշուշտ նման բնույթ ունի պարոն Փաշինյանի արտահայտությունը՝ հենց Վաշինգտոնից, բայց թողեք հարցի այս կողմն էլ նայենք։


Իրանի նախագահ պարոն Փեզեշքիանի այցը Հայաստան, որքանով գիտեմ համապատասխան աղբյուրներից, ամիսներ է ծրագրվում էր և քննարկվում էր, և նաև առաջարկվում էր, բայց ամեն դեպքում տարբեր պատճառներով հետաձգվել է, գուցե արարողակարգային անհամապատասխանացումների պատճառով։


Մի խոսքով՝ Իրանում կային մարդիկ, որ մտահոգ էին՝ չպետք է ուշանա Փեզեշքիանի այցը, և ինչու է ուշանում։ Հիմա նաև պարոն Փաշինյանի հեռախոսակիցը Փեզեշքիանի հետ և վերստին նրան հրավիրելը՝ ես մի քիչ կասկածում եմ, որ դա միայն այդ ուշացումից տեղեկություն ունենալու պատճառով էր, թե պարոն Փաշինյանն արդեն կանխատեսում էր, որ Ամերիկա է գնալու և ինչ-որ պայմանագիր կամ հռչակագիր ստորագրելու, և պետք է նախապես համապատասխան քայլեր նախատեսել՝ Իրանի իշխանությանը տեղյակ պահելու համար։


Զուգահեռ դրան, այն, ինչ որ մենք, նկատի ունեմ Իրանի ԱԳՆ-ի համեմատաբար մեղմ հայտարարությունը, և հետո Վելայաթիի կտրուկ խոսքերը, նաև վկայում է այն իրականության մասին, որ Իրանում ներքին գնահատականում այս թեմայի շուրջ կան դեռ ինչ-որ անհամաձայնություններ, տարակարծություններ։


Չմոռանանք նաև պարոն Փեզեշքիանի անցած շաբաթ կամ 10 օր առաջ արված հայտարարություններն այս միջանցքի կամ ճանապարհի մասին՝ թե չպետք է այդքան մտահոգ լինել հարևանների համագործակցությունից նման միջանցքների դեպքում, որը նույնպես բավականին բացասական արձագանք ունեցավ փորձագիտական դաշտում Իրանում։


Սրանք բոլորը նախընթացներ են այս գործընթացի, որ մենք տեսանք, բայց մի իրականություն կա՝ թեև պարոն Փաշինյանի արտահայտությունը փորձում էր ինչ-որ մտահոգություններ ցրել, բայց չպետք է մոռանալ, որ ամերիկյան այդ երկիրը և այդ ուժը չէ, որ հեշտությամբ կհանդուրժի իրանական ներկայությունը որևէ կերպով նման ծրագրերում։ Այդ մտահոգությունները դեռ առկա են: