Թվում է, որ քննարկել անգամ իմաստ չունի, որ Հայաստանը անվտանգ լինելու համար պետք է լինի արդյունավետ, արդիական, կենսունակ պետություն:
Երբ այս հարցը կապում ենք ցեղասպանության փաստի եւ այսպես ասած կանխարգելման հանգամանքի հետ, սա առավելապեզ լոզունգ է, իր տրամաբանությամբ ոչ պակաս էմոցիոնալ, քան օրինակ դրոշ այրելը:
Օրինակ, երբ ասվում է, թե՝ դրոշ այրելու փոխարեն պետք է կառուցել ուժեղ պետություն, սա որեւէ կերպ ավելի ռացիոնալ չէ, քան օրինակ այրելը:
Որովհետեւ, ուժեղ պետություն լինելու անհրաժեշտությունը որեւէ կապ չունի՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդ ես, թե՞ ոչ: Ուժեղ պետություն ունենալը պետականություն ունեցող հանրությունների «աքսիոմատիկ» պահանջ է, պետք է լինի այդպիսին:
Ռացիոնալը սկսում է, կամ պետք է սկսի այդպիսի պետություն կառուցելու գործնական ընթացքից, այդ ընթացքում՝ հանրության համար համոզիչ օրինակներից, փաստարկված մեթոդաբանությունից, հանգրվանային արդյունքներից:
Այլապես, ինչպես օրինակ ամեն ապրիլի 24-ին դրոշ այրելով ինքստինքյան չի լինում ոչինչ, այդպես էլ ամեն ապրիլի 24-ին ուժեղ պետության մասին դեկլարացիաներ հռչակելով ինքստինքյան չի լինում ոչինչ:
Ընդ որում, ես հիմա ոչ դրոշ այրելու դեմ եմ խոսում, ոչ էլ այդ դեկլարացիաների: Պարզապես, երկուսն էլ ըստ էության ունեն նույն ՕԳԳ-ն, պարզապես տարբեր փաթեթներով:
Իսկ ո՞վ ասաց, թե ուժեղ պետություն կառուցելու համար հենց պետք չէ ցեղասպանության միջազգային ճանաչման բաղադրիչի ուժեղ առկայությունն այդ պետության իրավա-քաղաքական ինքնության կառուցվածքում:
Պարզապես, դա էլ իր հերթին չի լինում հակառակ էմոցիոնալ հռչակագրայնությամբ: Այլ աշխատանքով, քաղաքական կոնցեպտների մշակումով, որը ռազմավարության համատեքստում, պետք է պարունակի նաեւ մարտավարական ճկունության մեխանիզմներ:
Ցավոք, մենք, որպես հանրություն, անկախ պետականության վերականգնումից հետո խորապես չենք զբաղվել այդ քաղաքական հարցի պատասխանի մի քանի տարբերակներ մշակելու կարեւոր գործով: Թեեւ, ըստ էության ոչ մի կարեւոր հարցով էլ չենք զբաղվել խորքային քաղաքականությամբ:
Եվ առավել եւս չենք զբաղվում նաեւ այսօր, որովհետեւ այսօր էլ ոչ թե պատասխանների մշակումներ են, այլ «պատասխան» է դիտվում հարցերից հրաժարվելը, «չկա հարց՝ չկա պատասխան գտնելու կարիք» տրամաբանությամբ:
Իսկ դա առավել վտանգավոր է, որովհետեւ ոչ միայն չի լրացնում «պատասխանի» բացը, այլ փաստորեն հղի է հարցի բացակայություն առաջացնելու վտանգով:
Մինչդեռ, ազգային ինքնության կառուցվածքում անբեկանելի տեղ զբաղեցնող կարեւորագույն հանգամանքներից մեկի վերաբերյալ հարցի ու պատասխանի բացակայությունը երբեք չի կարող լինել պետության ներկայության ճանապարհ:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան