Ուկրաինա–Ադրբեջան. Ռազմավարական դաշինքին ուղղված ուղենիշ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2017թ.–ին կայցելի Ուկրաինա։
Ռազմա–տրանսպորտային տանդեմ
Ադրբեջանն արդեն պատրաստ է ընդունել Ուկրաինայից դեպի Կենտրոնական Ասիա ուղղվող բեռների ամբողջ հոսքը: Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանական երկաթուղիների մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը՝ հավելելով, որ Ուկրաինան արդեն դիմել է իրենց Ալյաթիի նավահանգստով բեռների տեղափոխությանը հոսքն ավելացնելու խնդրանքով:
Ազմամեդովը նշել է, որ իրենց են դիմել նաև Լեհաստանն ու մերձբալթյան երկրները՝ Ալյաթիի նավահանգստի հզորություններն օգտագործելու խնդրանքով: Ուկրաինացի փորձագետ Պյոտր Գլավացկին վստահ է, որ պետք է փնտրել տեղափոխության ինքնարժեքի նվազեցման ուղիներ: Նրա խոսքոց, Ադրբեջանով անցնող ուղին այժմ շատ է անհրաժեշտ Ուկրաինային, սակայն դեռևս սակագները բարձր են: ՎՈՒԱՄ-ի երկրների շրջանակներում նախատեսվում է նվազեցնել սակագները: Նոր ուղղությունն անցնելու է Ուկրաինայի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով: Ըստ նրա, այդ ուղին դառնալու է ՌԴ-ով դեպի Ղազախստան ու Ղրղզստան այլընտրանքային ուղի:
Ռազմա–տեխնիկական համագործակցություն
Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ադրբեջանական ձեռնարկություններում հակատանկային հրթիռային համակարգերի արտադրության հնարավորությունները, հաղորդում է «Укрспецэкспорт» կազմակերպության մամլո ծառայությունը։ «Укрспецэкспорт»-ի ուկրաինական պատվիրակությունը այժմ գտնվում է Ադրբեջանում, որտեղ մասնակցում է ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին։
Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Պավել Բուկինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ Թոֆիգ Ռաֆիևի հետ, որի հետ քննարկվել է Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կենտրոններում հակատանկային համակարգերի և կառավարվող հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ հարցերը։ Կողմերը նաև քննարկել են ադրբեջանական զինտեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ հատուկ տեխնիկայի մատակարարումը ուկրաինական կազմակերպությունների կողմից։
Ադրբեջանն Ուկրաինայում սկսել է 10 նոր AН-178 ռազմատրանսպորտային ինքնաթիռների գնման գործընթացը: Օրերս Կիևի մոտակայքում տեղի է ունեցել նոր ինքնաթիռի թռիչքը և այն փոխանցվել է Silkway Azerbaijan ընկերությանը:
Turan գործակալությունը հայտնում է, որ AН-178-ը կառուցվել է ուղևորատար Ан-158 ինքնաթիռի հիմքի վրա: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 18 տոննա բեռ կամ 70 դեսանտայինի: Ինքնաթիռի արագությունը կազմում է 825 կմ/ժամ, իսկ թռիչքի հեռահարությունը՝5500 կմ: Արժեքը՝ կախված կոմպլեկտացիայից տատանվում է 40-70 միլիոն դոլարի սահմաններում:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինան հանդիսանում է Ադրբեջան զենքերի և ռազմական տեխնիկայի ակտիվ մատակարարներից մեկը:
Ուկրաինական պետական «Спецтехноэкспорт» ձեռնարկությունն Ադրբեջանի պատվերով մշակել է «Тайпан» մարտական մոդուլը։ Ընկերության տնօրեն Պավել Բարբուլի խոսքով, դա ձեռնարկության ամենահաջողված արտադրանքն է։ «Тайпан»–ի չի զիջում արևմտյան զինատեսակներին, սակայն ավելի էժան է։
«Тайпан»–ը կարող է հեռակառավարվել և ծառայել որպես ստատիկ մարտական կրակակետ։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել պաշտպանական մի քանի գծեր, իսկ զինվորները կարող են «Тайпан»–ը կառավարել պաշտպանված հենակետերից, փոխանցում է haqqin.az–ը։
Ղարաբաղ և Ղրիմ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքվում Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինան չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղը և ողջունում է Ադրբեջանի նմանատիպ դիրքորոշումը Ղրիմի հարցում։
Նա նշել է, որ Բաքուն և Կիևը նպատակ ունեն ընդլայնել իրենց համագործակցությունը և համակարգել գործողությունները ՄԱԿ–ում։