24.11.2024
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը. Արմեն Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է ՀՀ վերահսկողության տակ. ԱԽՔ

Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա, որը կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։


«Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են ՀՀ ծառայությունների կողմից։ Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, կարծում եմ՝ դա ի գիտություն են ընդունել, և հույս ունենք այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս գործընկերները»,- նշեց Արմեն Գրիգորյանը։


ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ միջանցք բառի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները 2020 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել, իսկ ապաշրջափակման հարցում երեք հիմնական սկզբունք կա, որին Հայաստանը հետևում է. դա սուվերենությունն է, յուրիսդիկցիան և փոխադարձությունը։


«Ապաշրջափակումը կարող է տեղի ունենալ այս սկզբունքների շրջանակում»,- ասաց Արմեն Գրիգորյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանի վրա երկար ժամանակ տարբեր ձևերով ճնշումներ են գործադրվել այդ սկզբունքներից դուրս լուծումներ գտնելու համար։ «Ներկայումս ավելի հաստատակամ է դարձել, որ Հայաստանն այդ քայլին չի գնալու. միգուցե նախկինում հույս կար։ Կարող եմ ասել, որ սեպտեմբերի պատերազմի պատճառներից մեկը հենց դա է, որովհետև Հայաստանի վրա փորձ է կատարվում ճնշում գործադրել նաև ռազմական ճանապարհով, որպեսզի Հայաստանը իր դիրքորոշումները փոխի, բայց Հայաստանը այս հարցերում հաստատակամ է»։


Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանն այն մասին, թե կողմերը մոտ են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը՝ Արմեն Գրիգորյանն ասաց հետևյալը. «Առաջնային հարցը ոչ թե երկաթուղու շինարարության, այլ քաղաքական համաձայնության գալու հարցն է. քաղաքական համաձայնություններն էլ պետք է լինեն նշված երեք սկզբունքների շրջանակում»։


Խոսելով Լաչինի միջանցքի մասին՝ նա նշեց, որ դրա ամբողջովին փակ լինելը մեծ մտահոգություն է առաջացնում; «Մենք տեսնում ենք՝ Լաչինի միջանցքի շրջանակում նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի պահպանվում, և դա է նաև պատճառը, որ մենք ցանկանում ենք միջազգային ներկայություն հրավիրել Լաչինի միջանցք և ԼՂ, որպեսզի էթնիկ զտման վտանգը, որ այս պահին կա, չեզոքացվի. մենք կարծում ենք, որ միջազգային հանրության ներկայությունը կարող է այդ վտանգը չեզոքացնել»,- ասաց ԱԽ քարտուղարը։