VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում առաջադրելու հարցում մեծ դերակատարում են ունեցել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ: Մասնավորապես, նրանցից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել են, որ եթե Քրիստիննե Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին, ապա իրենք ամեն կերպ կօգնեն Հայաստանին, կնպաստեն նորաստեղծ այդ կառույցի զարգացմանը: Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով ու փոխադարձ քննարկումների արդյունքում եւ համաձայնությամբ թեկնածությունը հենց Գրիգորյանի վրա է կանգ առել, որից հետո էլ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական է տվել օմբուդսմենի պաշտոնից: Նկատենք՝ անկախ կառույց գլխավորած Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ: Այդ կառույցի կանոնադրության մեջ հստակ նշված է. «Ծառայության պետն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է Վարչապետին», իսկ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է:
«Հրապարակ» թերթը գրում է. ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո աշխատակազմի եւ ոչ մի աշխատակից ազատման դիմում չի գրել ու Գրիգորյանի հետ չի հեռացել։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո, հիշենք, ՄԻՊ աշխատակազմի մեծ մասը նրա հետ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրեց, թեեւ կարող էին մնալ, սակայն չցանկացան Քրիստինե Գրիգորյանի հետ աշխատել։ Գրիգորյանն էլ այս մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ չէր կարողացել համալրել ՄԻՊ աշխատակազմը․ գլխավոր քարտուղարի տեղակալի, ՄԻՊ խորհրդականի, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի, հետազոտական եւ կրթական կենտրոնի ղեկավարի հաստիքները մինչ այժմ թափուր են։ ՄԻՊ աշխատակազմի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ աշխատակազմում սպասողական վիճակ է, թե ով է լինելու հաջորդ ՄԻՊ-ը, եւ նորանշանակը կպահի՞ իրենց, թե՞ կնախընտրի աշխատակազմը սեփական կադրերով համալրել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի թեկնածությամբ էլ աշխատակիցներն առանձնապես խանդավառված չեն: Մեր զրուցակիցն ասաց, որ ՄԻՊ-ի պաշտոնում իրենք պատկերացնում են իրավապաշտպանի անցյալ ունեցող, գործից հասկացող ու բանիմաց մեկին, ով աշխատակազմը ձեւավորելիս ոչ թե նեղ խմբային շահերով ու ծանոթություններով կառաջնորդվի, այլ մասնագետներ կներգրավի, որպեսզի իրենք կարողանան աշխատել, համ էլ ՄԻՊ գրասենյակի խարխլված հեղինակությունը վերականգնել։
«Հրապարակ» թերթը գրում է. Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա եկող ամիս։ Չնայած կառավարությունում մի քանի օր է՝ շրջանառվում է իշխանության թեկնածուի անունը՝ ի դեմս սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի, սակայն երեկ տեղեկացանք, որ փորձում են ֆորմալ պահպանել ձեւը՝ իբրեւ թե ԱԺ ՔՊ խմբակցությունն է առաջադրելու թեկնածուին։ Եվ երեկ Հայկ Կոնջորյանը պատգամավորներին ասել է, որ խմբակցության նիստ է լինելու, որ որոշեն իրենց թեկնածուին, եւ յուրաքանչյուրին առաջարկել է թեկնածություն ներկայացնել։ ՄԻՊ-ի պաշտոնն արդեն 5 օր է՝ թափուր է, բայց ԱԺ խմբակցությունները չեն շտապում թեկնածուներ առաջադրել։ ՄԻՊ-ին առաջադրում են ԱԺ ուժերը, սակայն այս խորհրդարանում սեփական թեկնածուին օմբուդսմենի պաշտոնում ընտրելու հնարավորություն ունի միայն իշխանական «Քաղպայմանագիրը», որի ձայները բավարարում են միանձնյա ընտրության համար․ այս դեպքում անհրաժեշտ է առնվազն 65 ձայն, իսկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն։ Թեկնածուին նախ պետք է հավանություն տան պատկան հանձնաժողովում, ապա հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ։ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: ԱԺ հերթական նիստը փետրվարի 7-ին է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում նաեւ ներկուսակցական քննարկումներին: Նա վերջերս հրաժարվեց ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ ղեկավարում է, չնայած նրան արդեն փոխարինողի անուն կա՝ Սարգիս Խանդանյան։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աղաջանյանը մտադիր է լքել Հայաստանը եւ շարունակել իր գործունեությունը որպես դեսպան: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ թիմակիցներն Աղաջանյանից ուղիղ հետաքրքրվել են՝ ինչ է մտադիր անել, ուզում է արդյոք դեսպանի աշխատանքի անցնել, սակայն նա խուսափողական պատասխաններ է տվել եւ ոչինչ հստակ չի ասել: Թիմակիցներին զարմացրել է Աղաջանյանի այս պահվածքը, քանի որ նա հիմնականում աչքի է ընկել իր ակտիվությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Աղաջանյանը խուսափում է այս հարցով որեւէ քննարկում ունենալ անգամ Փաշինյանի հետ: Պատգամավորը նախընտրում է միայն խորհրդարանում քննարկում-հանդիպումներ ունենալ դրսից Հայաստան ժամանած պաշտոնյաների կամ պատգամավորների հետ, իսկ կուսակցական քննարկումներից խուսափում է. եթե անգամ մասնակցում է թիմակիցների հետ որեւէ հանդիպման, ապա շատ չեզոք է իրեն դրսեւորում:
«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ հաջորդ հերթական նիստին իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կհայտարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։ Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՔՊ-ի շարքերը համալրած ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանն է, ուստի հանձնաժողովը նախագահի պարտականությունները կդնի մեկ այլ անդամի՝ Սարգիս Խանդանյանի վրա։ ՔՊ-ում չեն բացառում, որ մոտ ապագայում Աղաջանյանը կհրաժարվի նաեւ մանդատից․ նա նեղ միջավայրում անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, ուզում է գլուխը րոպե առաջ ազատել ու գնալ դեսպան՝ եվրոպական որեւէ երկիր։ Ասում են՝ նրա երազանքի երկիրը Ֆրանսիան է, որտեղ սովորել է, եւ որտեղ նրա ընտանիքը սեփականություն ունի, սակայն այս երազանքը վերեւից դեռ հավանության չի արժանացել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից նախաձեռնված քրեական վարույթը ուղարկվել է Գլխավոր դատախազություն: Տեղեկությունը փորձեցինք պարզել Գլխավոր դատախազությունից, որտեղից հայտնեցին. «Այս պահին նման տեղեկություն չկա»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Մանուկյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած հայտարարությունների համար: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ ազատությունից զրկել հնարավոր է միայն Ազգային ժողովով՝ դատախազի միջնորդության հիման վրա: Դա է պատճառը, որ գլխավոր դատախազը նրա հարցով եւս պետք է մտնի ԱԺ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, թե Հայաստանում ունենք պատահարների, զոհերի ու վիրավորների թվի նվազում: Նա, մասնավորապես, նշել էր. «2019-ի համեմատությամբ՝ 2022-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10.2 տոկոսով, 2022 թվականին՝ 4308, 2019 թվականին՝ 4799»: «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ների վերաբերյալ տվյալները իրականությանը չեն համապատասխանում։ Բանն այն է, որ Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցած գրեթե բոլոր վթարները արձանագրվում են ապահովագրական ընկերությունների կողմից, իսկ այնուհետեւ փոխանցվում Ավտոապահովագրողների բյուրո։ Ըստ այդ տվյալների՝ ՃՏՊ-ների թիվն իսկապես նվազել է, սակայն այն շատ հեռու է նախարարի հնչեցրած թվից։ 2021թ.-ին հատուցվել է 25,633 պատահարի վերաբերյալ դիմում, չեն բավարարվել կամ հատուցումից հրաժարվել են 7298-ը։ Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների թվից։ Սա կարող է նշանակել, որ վթարների, ՃՏՊ-ների մեծ մասը չի արձանագրվում իրավապահ մարմինների կողմից։ Բացի այդ, նորանշանակ նախարարը նաեւ հակասել է ինքն իրեն. ՃՏՊ-ների քանակը 2019-ի հետ համեմատելիս հայտնեց, որ 2022-ին արձանագրվել է 4008 ՃՏՊ, քիչ հետո՝ արդեն 2021-ի հետ համեմատելիս, ՃՏՊ-ների քանակը «դարձավ» 4009։ Մեկ այլ դեպքում, խոսելով վիրավորների մասին, Վահե Ղազարյանը հայտարարեց. «Վիրավորները՝ 646 (նկատի ուներ, թե որքանով է կրճատվել քանակը,- խմբ.) կամ 9?5 տոկոսով։ 2022 թվականին՝ 6155, 2019 թվականին՝ 6008»։ Այսպիսով, ստացվում է՝ նորանշանակ նախարարը ոչ ճիշտ թվեր է ներկայացնում հանրության դատին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան, թե ինչու հրաժեշտ տվեցին գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին: Մեր տեղեկություններով՝ Մեղրյանին հրաժեշտ են տվել այն պատճառաբանությամբ, որ ճիշտ կլինի հարկադիր կատարողը ծառայության ներսից որեւէ մեկը լինի, այլ ոչ թե համակարգից դուրս, օտար անձ: Արդյունքում որոշել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ընկերոջը՝ Սերգեյ Մեղրյանին հրաժեշտ տալ՝ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնին նշանակելով Արսեն Մարտիրոսյանին: Ի դեպ, Մեղրյանը այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն «Հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխության շնորհիվ, որը հնարավորություն տվեց գնդապետից ցածր կոչում ունեցող Մեղրյանին նշանակվել այդ պաշտոնում։ Նրա համար դա ապահովեց հենց Ռուստամ Բադասյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. Տեղեկություններ կան, որ Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել։ Ինչպես հայտնի է, դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ ընդունված օրենքով արգելվում է Երեւանում խաղատներ բացել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ 100 միլիոն դոլար ներդրում է իրականացվում․ «Դվին» հյուրանոցը համապատասխանում է այդ ստանդարտներին։ «Որոշում չկա, բայց վերջին 10 տարիներին այդ մասին տարբեր քննարկումներ եղել են»,- մեզ փոխանցեցին «Թովմասյան հիմնադրամի» մամուլի ծառայությունից` չհերքելով այս տեղեկությունը։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ գործարարը մեծ պարտքեր է կուտակել, հույս ունի, որ խաղատուն բացելուց հետո կկարողանա դրանք մարել։ Իսկ օրեր առաջ վերջնականապես շահագործման է հանձնվել նաեւ «Դվինի» հյուրանոցային հատվածը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդ տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ազդեցություն են ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Մեր երկրում բնակարանների վարձավճարները կրկնակի բարձր են: Silver Rea անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ Երեւանում վատ պայմաններով՝ հին վերանորոգումով, չգազաֆիկացված բնակարանի վարձավճարը սկսում է ամսական 200 հազար դրամից: «Իսկ նորմալ պայմաններով բնակարանի վարձավճարը սկսում է 300 հազար դրամից, եթե կահույք, տեխնիկա կա: Օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանում 1-2-սենյականոց բնակարանների վարձավճարը սկսում է 400 հազար դրամից, Նոր-Նորքում՝ 300 հազար դրամ: Ամեն դեպքում, 150 հազար դրամով բնակարան գտնելն այսօր բարդ է»,- «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում իրավիճակը նեկայացրեց անշարժ գույքի գործակալը: Մեր զրուցակցի խոսքով՝ չնայած այս ամենին՝ վերջին երկու ամիսների ընթացքում անշարժ գույքի շուկան (վարձակալության ոլորտը) պասիվացել է, բնակարաններ կան, որոնք ազատ են մնում. Հայաստան ժամանած ռուս քաղաքացիների մեծ մասը, որոնք հեռավար են աշխատում, տուն, բնակարան է վարձում քաղաքին հարակից բնակավայրերում՝ Աբովյանում, Չարենցավանում: