VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ
Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) 2 տարի առաջ՝ 2014-ին, այս պաշտոնում փոխարինեց
Աբրամ Բախչագուլյանին, իսկ մինչ այդ սփյուռքի փոխնախարարն էր։ Նրա օրոք ՍԱՊԾ-ն դարձավ Հայաստանի սննդի մատակարարումը և հատկապես ներկրումն ու արտահանումը կառավարող ծառայություն, քանզի մաքսակետերից սննդամթերքը բաց է թողնվում միայն նրանց տեղեկանքների հիման վրա։ Մեզ հասած տեղեկություններով՝ վերևից ստացված հրահանգներով են ՍԱՊԾ տեսուչները գրել այդ տեղեկանքները՝ նպաստելով կամ խանգարելով ոմանց բիզնես գործունեությանը, քանի որ արագ փչացող ապրանքը մեկ շաբաթ սահմանին պահելով՝ կարելի է ցանկացած բիզնես խորտակել, իսկ մյուսին՝ աճեցնել։ Մեզ հայտնի դարձավ, որ այս լուրերը
Կարեն Կարապետյանին են հասել, տարբեր անհատներ, հասարակական կազմակերպություններ են ահազանգել։ Եվ նա մտադիր է փոխել ՍԱՊԾ պետին, անգամ քննարկվում է կառույցը գյուղնախարարության կազմից հանելու և առանձին միավոր դարձնելու հարցը։ Որպես ՍԱՊԾ պետի թեկնածու՝ 2 անուն է շրջանառվում՝ մեկը նախկին պետ, ԿԸՀ նախկին քարտուղար, ՀՀԿ երիտթևի անդամ Աբրամ Բախչագուլյանն է, մյուսը ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, արդարադատության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ղուլյանը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Դավիթ Հարությունյանը, որը երեկ «ոսկե բանալի» է ստացել, կառավարության «վերջին մոհիկաններից է», նա նախարար է աշխատում 1998 թվականից, ապա 2007-ին պատգամավոր է ընտրվել, իսկ 2014-ից կրկին վերադարձել գործադիր՝ որպես աշխատակազմի դեկավար-նախարար։ Ու թեև նա օրեր առաջ վերանշան ակվեց իր պաշտոնին, բայց կառավարության աղբյուրներն ասում են, թե «դիսկոմֆորտի» մեջ է, քանի որ Կարեն Կարապետյանը նրան այնպես չի ընդունում, ինչպես Հովիկ Արգամիչը։ Կարապետյանը խորանում է նրա ներկայացրած հարցերի մեջ, երբեմն՝ «չորում», և դա նկատելի է անգամ կառավարության նիստերի ժամանակ։ Դավիթ Հարությունյանին չսիրողների շրջանակը ոգևորված է սրանից, նրանք ասում են. «Նոր վարչապետը
Դավիթ Հարությունյանին իջեցրել է աստղային բարձունքից և հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում այսօր պետք է տեղի ունենա «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քվեարկությունը: Սակայն տարօրինակն այն է, որ բավական մեծ ծավալ ունեցող այս կարեւորագույն փաստաթուղթը պատգամավորներին տրվել է երեկ` նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ ամեն ինչ արվել էր, որպեսզի օրենսդիրները չհասցնեն փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագիծը նախօրեին քննարկվել է ՀՀ նախագահի նստավայրում, արժանացել Սերժ Սարգսյանի հավանությանը, որից հետո նոր ուղարկվել է ԱԺ: Ու կասկածից վեր է, որ կընդունվի: Իհարկե, տեսականորեն բացառված չէ, որ իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության մեջ կգտնվեն անձինք, որոնք գիտակցելով «Հարկային օրենսգրքի» նաեւ իրենց բիզնեսների համար պարունակող սպառնալիքները՝ կփորձեն այդ փաստաթղթի քվեարկությանը չմասնակցել: Բայց փաստ է, որ այս փաթեթով առաջացած դժվարությունների պատասխանատվությունը կրելու է վարչապետ Կարեն Կարապետյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության հրապարակած վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտահանման ծավալներից ընդամենը 21,4 տոկոսն է բաժին հասնում անդամ երկրների շուկաներին: Հայաստանից արտահանվող ապրանքների մնացած 78,6 տոկոսը բաժին է հասնում, այսպես կոչված, երրորդ` ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներին: Փոխարենը Հայաստան ներկրվող ապրանքների մեջ ԵՏՄ երկրների արտադրանքի տեսակարար կշիռը կազմում է 31,8 տոկոս: Իսկ, այսպես կոչված, երրորդ երկրներից ներկրվող ապրանքները մեր ընդհանուր ներմուծումներում 68,2 տոկոս են կազմում: Փաստորեն, բոլոր այն հավաստիացումները, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն իր ապրանքներն իրացնելու լայն հնարավորություն է ստանում, այդպես էլ չիրականացան, փոխարենը հակառակ երեւույթը տեղի ունեցավ. Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանից ներմուծումները հեշտացնելով՝ Հայաստանը գնալով ողողվում է այդ երկրների, մեղմ ասած, ոչ այնքան բարձր որակ ունեցող արտադրանքներով: Իսկ ԵՏՄ վարչապետ, ՀՀ նախկին վարչապետ, հայազգի Տիգրան Սարգսյանի ռուսաստանյան գործունեության շոշափելի արդյունքը մեր երկրում այդպես էլ չի նկատվում»:
«168 ժամ» թերթը գրում է. «Կառավարությունը, կարծես, քարոզչական առաջին ալիքից անցել է առարկայական քայլերի, որոնցից ամենաէականն ու տնտեսության համար ամենադրական նշանակություն ունեցողը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0.5 տոկոսով նվազեցումն էր Կենտրոնական բանկի կողմից, որ տեղի ունեցավ նախօրեին։ Իսկ դրանից մեկ օր առաջ ԿԲ-ն նվազեցրել էր նաև բանկերին ներկայացվող պարտադիր պահուստավորման նորմատիվը, ընդամենը երկու տոկոսով, որը ծավալային գնահատման դեպքում իրականում կարելի է համարել ամբողջ երկու տոկոս։ Այս քայլերի մասնագիտական նշանակությունը թող բացատրեն կառավարության քարոզիչները։ Իսկ ոչ մասնագիտական իմաստով, հանրության համար կարևոր նշանակությունն այն կարող է լինել, ու հուսանք՝ կլինի, որ փողի էժանացումը կհանգեցնի վարկային տոկոսադրույքների նվազմանը, ինչն էլ իր հերթին՝ կհանգեցնի տնտեսվարողների կողմից ավելի շատ ու ավելի էժան վարկերի ներգրավմանը։ Իսկ շատ ու էժան վարկը նոր աշխատատեղ է, նոր աշխատատեղը՝ նոր աշխատողին վճարված նոր աշխատավարձ է կամ գործող աշխատողի աշխատավարձի բարձրացում, որն էլ իր հերթին՝ նոր վճարունակ պահանջարկ է, այսինքն՝ տնտեսության իրական զարգացմանն ուղղված լրջագույն քայլ։ Այս թվարկումը, որը տնտեսագիտության մեջ մուլտիպլիկացիա կոչվող շղթայի բազմաթիվ այլ օղակներից մի քանիսի թվարկում էր միայն, բավական է՝ գնահատելու համար ԿԲ-ի ընդամենը երկու նորմատիվային քայլի ամենևին ոչ նորմատիվային նշանակությունը տնտեսության համար։ Հարցը՝ ինչո՞ւ ԿԲ-ն, որ այս քայլերն ակնհայտորեն արել է բարձրագույն քաղաքական իշխանության քաղաքական որոշման արդյունքում, ավելի վաղ նույնը չի արել՝ համարյա հռետորական է՝ ներկայի ու ապագայի իմաստով, իսկ պատասխանները վերաբերելու են ոչ թե՝ տնտեսության զարգացմանը, այլ՝ քաղաքական անցյալին ու ապագային, որը տնտեսվարողների ու քաղաքացիների համար էական նշանակություն չունի։ Ինչպես որ էական նշանակություն չունի հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է Կարեն Կարապետյանին հաջողվել ստանալ այդ կենսական քայլն իրականացնելու քաղաքական որոշումը կամ թույլտվությունը։ Կարևորը՝ հաջողվել է, ու հուսանք՝ այդ հաջողությունը կունենա ոչ թե մեկանգամյա նշանակություն, այլ մուլտիպլիկատիվ էֆեկտ, ինչպես վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը տնտեսության համար»: