Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ: «Անկախությունից ի վեր Հնդկաստանը հասել է տպավորիչ արդյունքների՝ կառուցելով ժողովրդավարական պետություն, ապահովելով շարունակական տնտեսական աճ և գիտության արդիականացում, գրանցելով առաջընթաց տարբեր բնագավառներում: Համոզված եմ, որ ներկայումս միջազգային ասպարեզում Հնդկաստանի ստանձնած պատասխանատու դերը կծառայի ի նպաստ համընդհանուր կայունության և հավասարակշռության: Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բազմոլորտ համագործակցության հետևողական զարգացումը: Լիահույս եմ, որ մեր երկրների միջև ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները հետագայում առավել կխորանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում: