25.09.2025

Գործադիրը 55 միլիարդ դրամ կհատկացնի բռնի տեղահանված անձանց աջակցությանը 2026 թվականին

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում ներկայացրեց 2026 թվականի բյուջեի նախագիծը, որը նախատեսում է զգալի սոցիալական ու ենթակառուցվածքային ներդրումներ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կառավարությունը պլանավորում է 55 մլրդ դրամ, կամ մոտ 143 մլն դոլար, հատկացնել բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրին։ Այդ միջոցները կուղղվեն բնակարանային և այլ ծախսերի փոխհատուցմանը։


Նախարարի խոսքով՝ 2026 թվականին կգործարկվի նաև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որն արդեն փորձարկվել է երկու մարզում։ Նրա նպատակն է նվազեցնել աղքատության մակարդակը Հայաստանում։ Բացի այդ, աշխատանքային շուկայից դուրս մնացած կամ վատ վարկային պատմություն ունեցող անձանց աջակցության ծրագրին հատկացվել է 9,7 մլրդ դրամ, կամ մոտ 25,2 մլն դոլար։


Թոշակառուները կշարունակեն ստանալ անկանխիկ վճարումներից հետվճար։ Այդ նպատակով 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 20 մլրդ դրամ, կամ մոտ 52 մլն դոլար, ինչը 7,6 մլրդ դրամով ավելի է, քան նախորդ տարի։


Ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությանը կհատկացվի 30,6 մլրդ դրամ, կամ մոտ 79,7 մլն դոլար։ Աշխատանքները կշարունակվեն Աշտարակ-Ագարակ-Թալին և Քաջարան-Ագարակ հատվածներում։ Կսկսվի նաև Քաջարանի թունելի շինարարությունը, իսկ 2026 թվականից կմեկնարկի Սիսիան-Քաջարան 60 կիլոմետր հատվածի հողերի օտարման և շինարարության ծրագիրը։


Կառավարությունը կշարունակի աջակցել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին և կխթանի որակյալ միգրանտների և նոր աշխատողների ներգրավումը։ Կսկսվի ֆինանսական աջակցության տրամադրումը այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնեն դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ։ Այդ ծրագրին հատկացվել է 3 մլրդ դրամ, կամ մոտ 7,8 մլն դոլար։


Նաև նախատեսվում է ավելացնել համայնքներում համաֆինանսավորմամբ մասնակցային բյուջետավորման սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորումը՝ 2025 թվականի 1 մլրդ դրամի փոխարեն 2026 թվականին այն կկազմի 2 մլրդ դրամ, կամ մոտ 5,2 մլն դոլար։


Նախարարը շեշտեց, որ բյուջեն ուղղված է մարդկային կապիտալի մեջ ներդրումներին։ Դա դրսևորվում է կրթության (3,3%-ից 3,5% ՎՆԱ-ում) և առողջապահության (1,5%-ից 1,8% ՎՆԱ-ում) ծախսերի ավելացմամբ։

Թեմայի այլ նորություններ