Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7.1 տոկոսով:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրի՝ օգոստոսին այն 5.4 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի օգոստոսի համեմատ աճել է 7.5 տոկոսով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 7.8 տոկոսով ցածր է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 տրլն 770 մլրդ 561.4 մլն դրամ։ Ընդ որում, օգոստոսին՝ մեկ ամսվա կտրվածքով, աճել է 10.7 տոկոսով՝ գնահատվելով 268 մլրդ 813.1 մլն դրամ։ Իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 5.8 տոկոսով։
2025 թվականի հունվար- օգոստոսին շինարարության ծավալը 20.4 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 374 մլրդ 853.1 մլն դրամ։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, գրանցվել է 19.4 տոկոսի աճ։ Նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճը 21.1 տոկոս է։ Այս տարվա օգոստոսին իրականացվել է 81 մլրդ 551.3 մլն դրամի շինարարություն։
Առևտրի շրջանառությունը հունվար- օգոստոսին 3.9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ հասնելով 4 տրլն 140 մլրդ 619.6 մլն դրամի։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աճել է 1.2 տոկոսով՝ կազմելով 589 մլրդ 559.8 մլն դրամ: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 1.7 տոկոսի աճ:
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) այս տարվա հունվար- օգոստոսին 10.2 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 596 մլրդ 488.3 մլն դրամ։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աճել է 3.8 տոկոսով՝ կազմելով 359 մլրդ 119.7 մլն դրամ։ Նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 6.7 տոկոսի աճ։
2025 թվականի հունվար- օգոստոսին սպառողական գների ինդեքսը 3.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աճել է 0.2, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 3.6 տոկոսով։Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը այս տարվա հունվար- օգոստոսին 2.8 տոկոսով բարձր է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, նվազել է 0.6, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ աճել է 5.1 տոկոսով։
Այս տարվա առաջին 8 ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը 3.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Արտադրվել է 5 մլրդ 951.9 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, արտադրվել է 10.6 տոկոսով ավելի՝ 854 մլն կՎտ.ժամ։ Դա 13 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշը:
Ներկայացված ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 894.4, հունվար՝ 879.5, փետրվար՝ 778.7, մարտ՝ 789.2, ապրիլ՝ 667.9, մայիս՝ 634.2, հունիս՝ 605.6, հուլիս՝ 700.4, օգոստոս՝ 755.5) այն ևս ներառված չէ:
Հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել: