Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:
ԲԴԽ–ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահն ընդգծել է բարեկամ Իրանի հետ վստահության, փոխադարձ հարգանքի հենքով ստեղծված բազմամյա հարաբերությունները, ինչի հավաստումն է նաև արդարադատության ոլորտում առկա ամուր փոխգործակցությունը։
Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավակիրառ պրակտիկային, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին առնչվող առարկայական հարցեր։
Իրանի արդարադատության նախարարը ԲԴԽ նախագահին է ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության առանձնահատկությունները։
Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանում դատավարական գործընթացներին, դատավարության ժամկետներին և դատարանների գերբեռնվածությանը վերաբերող հարցեր։
Գործընկերները անդրադաձել են նաև մեր երկրների միջև համագործակցության հետագա ուղիների, փորձի փոխանակման և արդյունավետ երկխոսության հեռանկարներին։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ինչպես նաև երախտիքի խոսքեր է հղել հանդիպման մասնակից, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Նա շնորհավորել է դեսպանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Բարեկամության շքանշանի կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով հետագա ձեռնարկումներում։