Քիչ առաջ դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Այսպիսով նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվեց. դատարանը որոշեց ազատ արձակել նրան՝ 5 մլն գրավի դիմաց: Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ գեներալ-լեյտենանտի փաստաբանները միջնորդել էին, որ խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ կիրառվի վարչական հսկողություն կամ տնային կալանք։ Հիշեցնենք, հունվարի 12-ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում վիճաբանություն է եղել մոտ 10 անձի միջև։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանն ատրճանակից օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են կանգնեցնել նրան և ձեռքից վերցնել ատրճանակը, արձակել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը։2024թ. հունվարի 13-ին Տիրան Խաչատրյանին մեղադրանք ներկայացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը։Գործով ևս 3 անձ կա կալանավորված։