6.07.2025
Լուսանկարը` www.tourex.am
05.09.2024
Երևանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն նոր նստավայր կբացվի

Գործադիրը սեպտեմբերի 5-ի նիստում ընդունել է «Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում: 2023 թ. հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջև կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ: Հուշագրով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով՝ որպես Երևանում վերջինիս դիվանագիտական առաքելության նստավայր: Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը: Ըստ հիմնավորման՝ երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ նպաստելով նրանց տեսանելիությանն ընդունող պետություններում: