4.04.2026
Տոներին ընդառաջ Գագիկ Ծառուկյանը գյումրեցի մանուկների ցանկությունը կյանքի կկոչի
prev Նախորդ նորություն

Առաջին անգամ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը

Առաջին անգամ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը: Այն ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է: Առաջին անգամ հրատարակվելով 1923թ.-ին՝ այն մնում է ջութակահարների կրթության անկյունաքարը և մինչև այժմ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհի երաժշտական ուսումնական հաստատություններում:


Այս մեթոդական ձեռնարկը պատասխանում է գործիքին տիրապետելու բոլոր հարցերին՝ առաջարկելով տեխնիկայի զարգացման համակարգված մոտեցում՝ ձայնի արտաբերումից, մինչև մատների և աղեղի ճկունությունը և հոգեբանական պատրաստվածությունը։ Ֆլեշի սկզբունքների ըմբռնումը կարող է զգալի կերպով բարելավել, թե կատարելագործվող մասնագետի, թե առաջադեմ ուսանողի կատարողական մակարդակը:


«Ջութակ նվագելու արվեստը» աշխատության գերմաներեն նոր հրատարակությունը 2020թ.-ին խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։ Գերմաներենից հայերենի թարգմանիչն ու գլխավոր խմբագիրը ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն է:


Հայերեն թարգմանությունը հրատարակվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված լիցենզային պայմանագրով։ Այս շրջադարձային կարևորություն ունեցող նախագիծն իրականացվել է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ՝ «Ամարյան» բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի ֆինանսական աջակցությամբ։


Հովանավորների որոշմամբ՝ «Ջութակ նվագելու արվեստը» ձեռնարկի հայերեն թարգմանված տարբերակն անվճար կտրամադրվի Հայաստանի կոնսերվատորիաներին, երաժշտական քոլեջներին և դպրոցներին:


Այս նշանակալից առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում հրավիրվել էր մամուլի ասուլիսի, որին ներկա էին ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ջութակահարներ Մաքսիմիլիան Սիմոնը և Արամ Բադալյանը, ինչպես նաև «Պրիմավերա» բարեգործական մշակութային հիմնադրամի համահիմնադիր Ելենա Յակովլևան և «Ամարյան» բարեգործական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լենա Գյուլխասյանը:


Հարցին, թե որպես ջութակահար-դիրիժոր ի՞նչ նշանակաություն ունի Էդուարդ Թոփչյանի համար Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մեթոդական ձեռնարկը՝ Թոփչյանը պատասխանեց. «Հրաշալի աշխատանք է արվել «Պրիմավերա» հիմնադրամի կողմից՝ Ելենա Յակովլևայի գլխավորությամբ: Այժմ Կարլ Ֆլեշի այս հիմնարար աշխատությունը հասանելի է հայ մասնագետներին մայրենի լեզվով, ինչի առթիվ շնորհավորում եմ կոլեգաներիս: Որպես ջութակահար, ես մի քանի տաղանդավոր աշակերտներ եմ ունեցել, որոնց թվում է նաև իմ կինը՝ Անուշ Նիկողոսյանը, և դասավանդելիս շատ եմ օգտվել այս գրքի գերմաներեն տարբերակից, հատկապես, վարժությունների և գամմաների գրքից, որն առաջիկայում նույնպես կթարգմանվի հայերեն՝ «Պրիմավերա» հիմնադրամի ջանքերով: Հսկայական աշխատանք է արված, որը բարձր է գնահատվել մասնագետների կողմից, ինչպիսին է օրինակ` Աննե-Սոֆի Մուտտերը, որի ուղերձը կա գրքի սկզբում, ուրախ եմ, որ նախաբանը գրելու պատիվն էլ վստահվել է ինձ։ Դե, իսկ դեկտեմբերի 24-ին մեծ համերգով կնշենք այս նշանակալից իրադարձությունը, բնականաբար, կհնչեն ջութակի կոնցերտներ՝ Բրուխի թիվ 1 և Կորնգոլդի Ջութակի կոնցերտները, ի դեպ, Կորնգոլդինը Հայաստանում երկրորդ անգամ է հնչելու, մինչ այդ, նվագախումբը կողջունի ունկնդրին Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» նախերգանքի կատարմամբ»:


«Ամարյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը՝ Լենա Գյուլխասյանը նշեց, որ հիմնադրամի համահիմնադիրներ Դավիթ և Վարդան Ամարյանները, լինելով խոշոր գործարարներ, ռազմավարական են համարում մշակույթի և կրթության ոլորտում նույնպես անել երկարաժամկետ ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի մնայույն արժեք և հիմնարար օգուտներ կբերի ոլորտին՝ տվյալ դեպքում Հայաստանում ջութակի դպրոցի զարգացմանը: «Մեզ համար սկզբունքային է նաև այն, որ ձեռնարկը բոլոր մասնագետներին տրամադրվելու է անվճար: Այս անգնահատելի ձեռքբերումը պրակտիկ գործունեությամբ ամրապնդելու համար նաև հովանավորելու ենք Մաքսիմիլիան Սիմոնի և Արամ Բադալյանի վարպետության դասերը, որոնք ծրագրված են անցկացնել Երևանում և Գյումրիում: Իհարկե, դեկտեմբերի 24-ի «Ջութակ նվագելու արվեստը» խորագրով համերգով էլ հանդիսավոր կերպով կնշենք այս պատմական իրադարձությունը»,- եզրափակեց տիկին Գյուլխասյանը:


Ելենա Յակովլևան շնորհակալություն հայտնելով հովանավորներին, առանց որոնց աջակցության հնարավոր չէր լինի իրականացնել այս հավակնոտ ծրագիրը, ասաց, որ ակադեմիական ոլորտին վերաբերող մասնագիտական-ուսումնական ձեռնարկ հրատարակելն ահռելի մեծ աշխատանք է: Ծրագիրն իրականություն դարձնելու համար 7 ամիս շարունակ աշխատել են 20 բարձրակարգ մասնագետներ: Գիրքը լույս է տեսել 300 օրինակով, գերմանական հրատարկչության հետ 500 օրինակ տպելու համաձայնություն կա և եթե հարկ լինի, կհրատարակեն մնացած 200 օրինակը ևս:



Գրքի գերմաներեն նորացված հրատարակության խմբագիր Մաքսիմիլիան Սիմոնն անդրադառնալով մասնագիտական որոշ նբություններ՝ նշեց. «Մեր մասնագիտության մեջ այնք դժվար է ամեն ինչ բառերով բացատերլ, առավել ևս ասելիքդ հասցնել աշակերտին: Օրինակ՝ շատ կարևոր է հասնել գործիքի գեղեցիկ, ազնվական, հարուստ հնչողությանը, բայց տեխնիկապես ինչպե՞ս է դա հնարավոր իրագործել, այս գրքում դա շատ պարզ ու հստակ է բացատրված, և այդպես, բազում հմտություններ ու հնարքներ, որոնց պետք է տիրապետի ջութակահարը: Ինձ համար Հայաստանի հետ կապը շատ յուրահատուկ նշանակություն ունի: Լինելով «Պրիմավերա» հիմնադրամի ջութակի բաժնի ղեկավարը՝ վարպետության դասերով շատ եմ շրջել Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատություններով և հասկացել եմ, որ ամեն տեղ կա ինֆորմացիայի, մեթոդական ձեռնարկի պակաս, որի վրա կհիմնվեն մասնագետները: Այս առումով, Կարլ Ֆլեշի գրքի հայերեն թարգմանությունը լավագույն որոշումն էր. այն բոլոր ժամանակների ամենահեղինակավոր ուսումնական մեթոդներից է»:


Ամփոփելով ասուլիսը Արամ Բադալյանը շեշտեց, որ գրքի թարգմանության վրա աշխատելիս ամենադժվարը գերմաներեն լեզվի գեղեցկության փոխանցման և հասկանալի շարադրման մեջ ընտրությունն էր: Թե Ֆլեշի, թե Մաքսիմիլիանի մոտ շատ գեղեցիկ լեզվով են մտքերը շարադրված, հայերեն տարբերակում ես ընտրեցի միջին ճանապարհը, որ լինի բավարար գեղեցիկ, միևնույն ժամանակ, ժամանակակից ընթերցողի համար պռակտիկ և հասկանալի: Նա հավելեց. «Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ես և իմ հայ ընկերներն ամեն ջանք ներդնում ենք, որպեսզի յուրաքանչյուրս մեր ոլորտում օգտակար լինենք մեր հայրենիքին: Երբ Յակովլևայի կողմից ստացավ գիրքը թարգմանելու առաջարկությունը, շատ ոգևորվեցի այդ գաղափարով ու անմիջապես համաձայնվեցի: Իհարկե, այդ ժամանակ չէի պատկերացնում աշխատանքի ողջ ծավալը, արդյունքում ես ամիսներ եմ լուսացրել այս թարգմանության վրա, բայց արդյունքն արժեր ներդրած բոլոր ջանքերը»:

ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար