Արևմուտքն աննախադեպ ակտիվացնում է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը. "Չեմ զարմանա, որ առաջիկա շաբաթներին շաաատ բարձրաստիճան ՆԱՏՕ-ականներ գան Հայաստան, Հայաստանն էլ ԵՄ-ին պաշտոնապես դիմի՝ ակտիվ ինտեգրացիոն գործընթաց սկսելու նախաձեռնությամբ",- գրել է Սարգսյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս թուրքական պետական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանը երբևէ մտածե՞լ է ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին միանալու մասին, հայտարարել էր՝ Երևանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը. «Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը: Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»։