Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցում է, քաղաքական որոշում չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի: Քոչարյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոնի թիվը, պարզապես իր մոտեցումն է, որ հավելյալ փաստերով պետք է հարստացնել եղած տեղեկատվությունը, ինչը կօգնի, որ ի հայտ գան ոչ միայն Ցեղասպանությանը զոհ գնացածների տվյալները, այլ նաև պահանջատեր լինել, քանի որ այդ մարդիկ նաև կարողություններ ու հարստություն են կորցրել: Կիրակի օրը «Ազատության» եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը։ Երեկ Քոչարյանը նույնը հաստատեց խորհրդարանական ճեպազրույցներում։ Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը իշխանության այս նախաձեռնությունը խիստ վտանգավոր էր համարել՝ հիշեցնելով՝ ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից մեկն է, որը շրջանառում են դեռ 1960- ականներից։