17.07.2025
Լիլիթ Մակունցն ու կոնգրեսականները քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների հարցը
03.11.2021
Լիլիթ Մակունցն ու կոնգրեսականները քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների հարցը

ԱՄՆ Կոնգրեսի շենքում նոյեմբերի 2-ին կայացել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի տասնյակից ավելի անդամների հետ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին մշտապես սատարելու, Կոնգրեսում հայանպաստ բանաձևերի ընդունման համար։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերի ընդունման, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտելու և համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։ Դեսպան Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանային ներկայիս անվտանգության հարցերը։ Այդ համատեքստում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Դեսպան Մակունցը ներկաների ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմին հաջորդած մարտահրավերների ու հումանիտար ճգնաժամի վրա՝ առաջնահերթ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը պատասխանել է կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին: