ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021-ի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին կառավարությունում գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղությունների շուրջ հրավիրված քննարկման ժամանակ: Գիտության ոլորտի ֆինանսավորման շեշտակի աճը Փաշինյանն անվանել է իր ղեկավարած կառավարության քաղաքականությունը: «Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ և այս քաղաքականությունն, իհարկե, շարունակվելու է», - ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։