14.07.2025
Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները շարունակաբար զարգացել և ընդլայնվել են. վարչապետ
01.02.2022
Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները շարունակաբար զարգացել և ընդլայնվել են. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, 2022 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար. երեսուն տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 31-ին, մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Հետադարձ հայացք նետելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկկողմ միջպետական հարաբերությունների պատմությանը՝ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դրանք շարունակաբար զարգացել և ընդլայնվել են՝ համագործակցության տարեգրությունը հարստացնելով հիշարժան բազում իրադարձություններով: Հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Սերտ կապեր են հաստատվել ՀՀ Ազգային ժողովի և ԳԴՀ Բունդեսթագի միջև: Գերմանիայի հետ փոխգործակցության կարևոր ոլորտներից է տեխնիկական և ֆինանսական համագործակցությունը, որի շրջանակում Գերմանիայի դաշնային կառավարությունը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանի կայուն զարգացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին: Գերմանիան Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է, իսկ ԵՄ երկրներից՝ առաջինը: Ակտիվ փոխգործակցություն է ծավալվել մշակույթի, գիտության ու կրթության, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում։ Առկա է լայն իրավապայմանագրային դաշտ: Ուրախությամբ եմ հիշում 2019 և 2020 թվականներին իմ՝ Գերմանիա կատարած այցը, ինչպես նաև դաշնային կանցլերի՝ 2018 թվականին Հայաստան կատարած այցը, որոնց ընթացքում նախանշվեցին մեր երկկողմ օրակարգի զարգացման նոր հեռանկարները: Շրջադարձային իրադարձություն էր 2016 թվականի հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, որով Գերմանիան նույնպես իր լուրջ ավանդը բերեց մարդկության դեմ այդօրինակ հանցագործությունների ճանաչման ու կանխարգելման միջազգային գործընթացին: Լիահույս եմ, որ Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքներին կլինի շարունակական՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ հանգուցալուծմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկային։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, ինչպես նաև Ձեր երկրի այն պետական, քաղաքական ու հասարակական գործիչներին, անհատներին, որոնք նպաստել են հայ-գերմանական կապերի կայացմանն ու ամրապնդմանը»: