Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում անհատ ձեռնարկատեր Արփինե Օրդյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում վերահսկողություն են իրականացրել և նմուշներ վերցրել առկա արտադրատեսակներից։ ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ-ի (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։