Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների շիրիմներին: Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ը խարան է ողջ հանրության ճակատին՝ որպես ամոթի ու խայտառակության, ինչպես նաև ցավի և կորստյան օր, որ մինչև այսօր հանդուրժում են այս իշխանությունների գոյությունը։ "Այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես բոլոր նրանց, ովքեր եղել են արցախցի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը",- ասաց նա: Սրբազանի խոսքով, Եռաբլուրում մեռած մարդ չկա, "այստեղ հերոսներ են, որոնց առաջ միայն պետք է ծնկի գալ ու ասել, որ մենք էլ պետք է անցնենք նույն ճանապարհը": "Այսօր հարգանքի, խոնարհումի, իրենց հետ նույնանալու օր է։ Ցավը մեզ պետք է դրդի գործելու ու դառնա մեր տուն վերադառնալու ուխտը",- շեշտեց նա։ Ապա հավելեց. "Մեր զորակցությունն եմ հայտնում գերության ու պատանդառության մեջ գտնվող մեր սիրելի հայրենակիցներին, Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը և հասկանալով հանդերձ, որ նրանք գտնվում են պատանդառության մեջ մեր թշնամիների հետ այս իշխանության ուղղակի հանցավոր համագործակցության արդյունքում, միևնույն ժամանակ սա խարան է նաև միջազգային հանրության համար":