Հայաստանը երբեք իր գործընկերների առջև նախապայմաններ չի դրել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացը զրոյից սկսելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը՝ մեկնաբանելով ընդդիմության մեղադրանքներն այն մասին, որ գործող իշխանությունների ՝ բանակցությունները զրոյից սկսելու մտադրությունները տխուր հետեւանքներ են ունեցել Հայաստանի եւ Արցախի համար։ Նրա խոսքով՝ այն նոր մոտեցումները, որոնք առաջ է քաշել 2018 թվականին եկած քաղաքական թիմը, «ընդամենը առաջարկներ են եղել, որոնք կոչված են ապահովելու կարգավորման գործընթացի առաջխաղացումը»: «Ինչպես գիտեք, մինչ այդ քննարկվող փաստաթղթերը լի էին անորոշություններով, հայկական եւ ադրբեջանական կողմերը դրանք տարբեր կերպ էին մեկնաբանում», - հայտարարել է նա: Աղաջանյանը նշել է, որ հանդես գալով նոր առաջարկներով, հայկական կողմը եւս փորձել է հասկանալ, թե որքանով են հայկական եւ ադրբեջանական կողմի մոտեցումները համահունչ: «Դա մեծ հստակություն կապահովեր գործընթացում, այդ թվում նաև մեր գործընկերների համար», - հայտարարեց պատգամավորը: Նա վստահեցրել է, որ բանակցությունները զրոյից սկսելը ոչ թե նախապայման էր, այլ առաջարկ, որը քննարկվել է տարբեր ձևաչափերով և մերժվել է ադրբեջանական կողմից: