Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով և տեսակապով: Գնահատվել է նաև գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները։ Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն այս պահի դրությամբ հաստատել է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերության փաստը։ Հայաստանի իրավապաշտպաններն ավելի մեծ թվի մասին են ահազանգում՝ 80 անձի մասին։