Վրաստանից Ռուսաստան "Վերին Լարս" անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։ Դեկտեմբերի 18-ին "Վերին Լարսով" Վրաստանից Ռուսաստան երթևեկությունը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: "Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրումից հետո վերսկսվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը", – ասված է հաղորդագրության մեջ: Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն ապահովվում է շուրջօրյա ռեժիմով ՝ միայն ձնահոսքապաշտպան թունելների միջոցով: Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):