16.07.2025
Հայաստանում ներդրվում է ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման պարտադիր պահանջ
17.05.2024
Հայաստանում ներդրվում է ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման պարտադիր պահանջ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում դրական եզրակացության է արժանացել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին լրամշակված օրենսդրական նախաձեռնությունը: Այս ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: «Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը»,- նշեց Քրիստինե Ղալեչյանը: Նա ընդգծեց, որ ներկայացված կարգավորումներով ապահովվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով պահանջվող երկու հրահանգների մոտարկումը Հայաստանի ներպետական ազգային օրենսդրության մեջ: Քրիստինե Ղալեչյանը կարևորեց ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման պարտադիր պահանջի սահմանումը ճանապարհների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ժամանակ: «Ճանապարհային անվտանգության աուդիտը նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծման, շինարարության և ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի հետո: Ընդ որում, ճանապարհային անվտանգության աուդիտորը չի կարող ներգրավված լինել ճանապարհային անվտանգության աուդիտի ենթակա ավտոմոբիլային ճանապարհի նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև շինարարության իրականացման գործընթացներում: Բանախոսի պնդմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկությունները հիմնականում եղել են տեխնիկական և խմբագրական բնույթի և ընդունվել են: